Փոփոխությունը մեկ նպատակ ունի՝ տրանսպորտային համակարգն ավելի լավը դարձնելը։ Երևանում միասնական տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու։ Մենք չենք հեծանիվ հորինողը, դա միջազգային փորձից է եկել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ այժմ առաջարկում է փաթեթներ, որոնք աննախադեպ են։
«Մենք 150 դրամանոց տոմսն ենք ավելացրել, որը քննադատություններից բխող փոփոխություն է, մենք նախկինում չենք ունեցել դա։ Մեր ամենակարևոր փոփոխությունը 150 դրամը չէ, ամենակարևոր փոփոխությունն անսահմանափակ փաթեթներն են։ Մարդիկ մեկ անգամ փորձելով անսահմանափակ փաթեթները, որը քաղաքապետարանը հիմա աննախադեպ ցածր գնով է առաջարկում, կրկնապատիկ տալով, հետագայում մարդիկ անցնելու են այդ անսահմանափակ փաթեթներին, որովհետև կտեսնեն, որ ֆինանսապես իրենց ավելի ձեռնտու է»,- ասաց նա։
Ավինյանի ասածին, թե ֆինանսական հավաքագրման խնդիր կա լուծելու, որպեսզի կարողնան պահպանել և հետագայում կատարելագործել ավտոբուսային պարկը, Պետրոս Ղազարյանն ասում է՝ դիտարկում կա, որ որոշումները հապճեպ են կայացրել, ինչի ի պատասխան Ավինյանն ասաց․ «Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված»։