«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից մեկ դրվագ է պատմել.
«Քանի որ Մեղրիի թեման մնում է օրվա ամենաակտուալը, և Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը դրա՝ Մեղրիի փոխանակման պլանի ամենաուղղակի առնչվող իրադարձություններից մեկն է, ուզում եմ պատմել 2019-ին Նաիրի Հունանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում ունեցած զրույցի մի դրվագ։ Դրա ականատեսն ու ներկան եղել է այդ ժամանակ ԱԱԾ մեկուսարանի պետը։
Նաիրի Հունանյանը պատմում էր, որ ոճրագործությունից մոտ վեց ամիս առաջ, հայտնի մի շարք գործիչներ, ովքեր այսօր էլ «ընդդիմության» կարկառուն դերակատարներ են՝ Հրանտ Մարգարյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վազգեն Մանուկյանը և ուրիշներ, օրեր շարունակ հանդիպել են իր հետ և խոսել Հայաստանի փրկության «միակ հնարավորության»՝ «առանց Վազգեն Սարգսյան Հայաստանի» մասին:
Ի դեպ, Մեղրիի փոխանակման ծրագիրը քննարկվել է այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն եղել է իշխանության մաս։ Թե ինչ ուղղակի դերակատարություն է ունեցել Քոչարյանը, Օսկանյանը Մեղրիի փոխանակման ծրագրի հղացման մեջ ինձ պատմել է այդ ժամանակ ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան Արմեն Խարազյանը: Մի օր դրա մասին էլ կպատմեմ:
Մնացած արժեքավոր տեղեկությունները փոխանցել եմ ԱԱԾ տնօրենի տեղակալին»:
Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 23-ին Արման Բաբաջանյանը մեկուսարանում երկու ժամանոց հանդիպում էր ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: