Հետևեք մեզ։

Արցախն աշխարհից ինքնորոշվել է, Հայաստանի մեջ չի մտնում, դա հաստատ կարող եմ ասել. Հովիկ Աղազարյան

17:29, 15 մայիս 2023
Արցախն աշխարհից ինքնորոշվել է, Հայաստանի մեջ չի մտնում, դա հաստատ կարող եմ ասել. Հովիկ Աղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Շառլ Միշելի հայտարարությունից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով, ինքը՝ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո դեռ հանդիպում չի ունեցել կուսակիցների հետև մանրամասներ չի հայտնել բրյուսելյան այցից։

Այդ մասին նա այսօր ասաց Hayastan.news-ի հետ զրույցում։

 

-Պարոն Աղազարյան, Շառլ Միշելի հայտարարությունից Դուք ի՞նչ եք հասկացել, այդ 86,600 քառակուսի կմ-ի մեջ Արցախը ճանաչվո՞ւմ է Ադրբեջանի մաս։

 

-Ես չափերի մասին հստակ տեղեկություն չունեմ, բայց ես՝ ինքս այդպես եմ հասկանում, այո։

 

-Այսինքն՝ Նիկոլ Փաշինայնը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մա՞ս։

 

-Ոչ, Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա, թե Ադրբեջանից Արցախի ժողովուրդը կինքնորոշվի, թե ինչ, դա ուրիշ հարց է։

 

-Ադրբեջանի՞ց ինքնորոշվի։

 

-Այո։ Ընդ որում, ես հիշեցնեմ, որ Արցախը արդեն երեսուն տարի է՝ անկախ պետություն է։

 

-Եթե Արցախը անկախ պետություն է, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը այդ անկախ պետությունը ճանաչել այլ անկախ պետության կազմում։

 

-Որովհետև Նիկոլ Փաշինյանը այն պետության ղեկավարն է, որը ոչ մի տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ։ Ուղղակի Արցախում ժողովուրդը ինքնորոշվել է, և Արցախի ժողովուրդը մեր ժողովրդի մի հատվածն է, ու մենք չենք կարող անտարբեր մնալ մեր ժողովրդի նկատմամբ այս կամ այն ոտնձգություններից։

 

-Արցախի ժողովուրդը ե՞րբ է ինքնորոշվել, պարոն Աղազարյան, ո՞ր թվականին, ումի՞ց։

 

-Աշխարհից է ինքնորոշվել։ Արցախի ժողովուրդը բոլորից նեղացած է, Հայաստանից էլ է նեղացած, Ադրբեջանից էլ է նեղացած, Շառլ Միշելից էլ է նեղացած, որովհետև ազգերի ինքնորոշման սկզբունքը անհրաժեշտ կերպով չենք կիրարկում փոքր ազգերի համար։

 

-Իսկ Արցախի ժողովուրդը չի՞ ասի՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մեզ ճանաչել Ադրբեջանի մաս, հատկապես, որ իրենք անկախ պետություն են, ինչպես Դուք եք ասում, և ինքնորոշվել են։ Հայաստանի իշխանություններն ի՞նչ բարոյական իրավունքով են Արցախը ճանաչել այլ պետության կազմում։

 

-Հայաստանի իշխանությունները Արցախը չեն ճանաչել որևէ պետության կազմում, Հայաստանի իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա՝ մի խնդիր։ Հաջորդ խնդիրն այն է, որ այդ երկրում՝ այդ տարածքային ամբողջականության մեջ, կա մի ժողովուրդ, որը մեր ժողովրդի մի հատվածն է, հայտարարել է իր ինքնորոշման, իր անկախության մասին, և մենք՝ յուրաքանչյուրս և որպես պետություն, պարտավոր ենք հնարավորինս սատարկանգնել մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացմանը։

 

-Այսինքն՝ վաղը Արցախի մեր հայրենակիցները պետք փորձեն Ադրբեջանի իշխանություններից ինքնորոշման իրավո՞ւնք պահանջել։

 

-Ոչ, իրենք արդեն ինքնորոշված են։

 

-Հիմա Արցախի տարածքը Ադրբեջանի՞ մեջ է մտնում, թե՞ Հայաստանի։

 

-Հայաստանի մեջ չի մտնում, դա հաստատ կարող եմ ասել։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքն այստեղ