22 տարի «Չէին սպասում» հաղորդումը վարել եմ ես և 22 տարին բավականաչափ ժամանակ է, որ մարդիկ սովորեն իմ կերպարին: Ի դեպ, դա այն կերպարն էր, որ մարդկանց հետաքրքրի` մի քիչ կծու, մի քիչ համարձակ... ես կարծում եմ, որ կերպարը ստացվել էր:
Այս մասին Ամալյա Հովհաննիսյանի «Liferoom»-ին տված հարցազրույցում ասել է Սուրեն Շահվերդյանը:
Նա նաև հայտնել է, որ մինչև իրեն այդ հաղորդումը Դավիթը նկարել է` «Բաց դռների օր» է կոչվել, և գնացել են պատահական մարդկանց տներ, այնուհետև հաղորդավարը հրաժարվել է նկարվել, և ինքն է Դավիթին առաջարկել նկարել հայտնիներին: Նա պատմեց, որ առաջինն առանց զգուշացնելու գնացել են Շուշան Պետրոսյանի տուն, աստիճաններին 40 րոպե սպասել են, հետո հաջողվել է նկարահանումն իրականացնել:
«Տարիներ անց «Քաղցած չէին սպասումը» սկսվեց, որն իմ մտահղացումն էր: 22 տարին երկար ժամանակահատված է, և իմ կերպարն ընդունվել էր: Ես նոր հաղորդավարին ճանաչում եմ, արտիստ է, նրան նկարել ենք մի քանի ամիս առաջ: Տեսեք` բարդ է, շարունակել մի գործ, որը ստեղծվել է, կայացել է, այն է իմ կերպարը, և հակառակն ասեմ` եթե ես մի կայացած հաղորդում սկսեի վարել, ինձ էլ շատ դժվար կլիներ: Մաղթում եմ կանաչ եթեր, երկար տարիների կյանք հաղորդմանը: Պետք է ինչ-որ բան փոխվի, խաղալ ինձ բարդ է, իմ ցանկությունն է, որ հաղորդումը երկար կյանք ունենա: Երկրորդ հարցը կա նաև, երբ ես զբաղեցրի թատրոնի տնօրենի պաշտոնը չէի հասցնում: Բացի այդ, վերջին ամիսներին նկարում էինք բլոգերների, տիկտոկերների, որոնց հետ իմ զրույցը չէր ստացվում, ինձ համար մարդը հետաքրքիր է իր խորությամբ»:
Հարցին, թե ինչի՞ հրաժարվեց հաղորդումից Սուրեն Շահվերդյանն ասաց.«Դավիթի հետ կոնֆլիկտ ունեցա, դա էր պատճառը: Ես շատ համբերատար եմ, փորձում եմ մտնել մարդու դրության մեջ: Եթե ես ներեի մեր միջև ծագած խնդիրը, տարաձայնությունը, ես ինքս պիտի սկսեի ինձ չհարգել: Չակերտները բացեմ` ես կողմնակի եկամուտից զրկվել եմ, բայց ինձ համար ինքս ինձ հարգելը ամենակարևորն է, քան մեկ այլ բան: Զիջում չեղավ և ամեն ինչ ավարտվեց, ավելին ասեմ` Դավիթի հետ երկու ամիս է չեմ շփվում»:
Հարցին, թե այսինքն նաև ընկերությունն է ավարտվել, Սուրեն Շահվերդյանն ասաց` այո:
«Ես կարծում եմ, որ Դավիթն իր սխալը կհասկանա, վստահ եմ, գիտակցում է ինչ է արել, վստահ եմ մի օր կհանդիպենք և կասի այն, ինչ պետք է ասի, և ես կասեմ հասկացա, բայց կա սահման, որտեղ մինչև մի բան տեղի չունենա, ես չեմ կարող ինձ հարգել»,-ասաց Շահվերդյանը: