Հետևեք մեզ։

Վրաստանում խստացվում են հասարակական կանոնների և օրենքների խախտման համար նախատեսված տուգանքները

13:00, 03 փետրվար 2025
Վրաստանում խստացվում են հասարակական կանոնների և օրենքների խախտման համար նախատեսված տուգանքները

Վրաստանում խստացվում են հասարակական կանոնների և օրենքների խախտման համար նախատեսված տուգանքները։

Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Նա նշել է, որ քրեական օրենսդրությունը խստացվելու է «երկրի արդյունավետ կառավարումն ապահովելու համար, եւ որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն ունենա երկիրը կառավարելու համապատասխան լծակներ ու միջոցներ»։

«Շատ դեպքերում լավ պատրաստված գործակալությունը, որը կազմակերպվել է օտար ուժերի կողմից և բաղկացած է ընդամենը չորս հարյուր հոգուց, կոպտորեն խախտում է այս երկրի չորս միլիոն քաղաքացիների իրավունքները։ Հենց այդ անոմալիան շտկելու համար են նախաձեռնվում փոփոխություններ օրենսդրության մեջ»,- ասել է Մդինարաձեն։

Նա նշել է, որ «խորքային պետությունը» շարունակել է Վրաստանում բռնությամբ իշխանափոխության փորձերը, սակայն այս անգամ դա ձախողվել է։

Մդինարաձեն ավելացրել է, որ իշխող կուսակցության նախաձեռնությամբ կխստացվի Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, կարգելվի հանդիպումներ անցկացնել փակ տարածքներում՝ առանց սեփականատիրոջ նախնական համաձայնության, և կբարձրացվեն տուգանքները վարչական իրավախախտումների համար, ինչպիսիք են խուլիգանություն, վանդալիզմ, ոստիկանների օրինական պահանջն անտեսելը և ոստիկաններին վիրավորելը, դատարանների մուտքերը փակելը և այլն։

Բացի այդ, հասարակական բռնության դրդումը կպատժվի մինչև 3 տարի ազատազրկմամբ։

Ոստիկանությանը դիմադրելու համար ազատազրկման ժամկետը կավելացվի մինչև 6 տարի։

Մդինարաձեն նշել է, որ օրենքների խստացումը կսահմանափակի երկրում դիվերսիաների տարածությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները