«Հետք»-ը գրում է․
Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող Սպանդարյանի 5 հանքերը ընդգրկված են Ակադեմիական քաղաքի՝ գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։ Հանքերը շահագործող ընկերությունների նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։
Սիլիկյան թաղամասի Սպանդարյանի հանքերից հիմնականում արդյունահանում են բազալտ, ստանում են խճաքար և օգտագործում շինարարության մեջ։ Այստեղ ընդերքօգտագործման իրավունք ունեն «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն, «Ամելիա Մայնինգ Քոմփանի» ՓԲԸ-ն, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն և «Շիրինշին» ՍՊԸ-ն։ Եվս մեկ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն այս պահին դադարեցված է։
2024թ․ օգոստոսի 30-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ոստիկանության աշխատակիցները սկսել են հերթապահություն իրականացնել Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հարակից հանքավայրերից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում՝ արգելելով 4 տնտեսվարողի, այդ թվում՝ «Շիրինշին» ՍՊԸ-ին, շահագործվող հանքերից հանքանյութով բարձված բեռնատարների ելքը:
«Շիրինշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է սահմանափակումն իրականացնող ոստիկանների տեղակայման վայրը՝ նշված խաչմերուկ և պարզաբանում պահանջել, թե ինչ հիմքով են կիրառում սահմանափակումը։ Ոստիկանները հայտնել են, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրենց ղեկավարի տված հանձնարարությունն են կատարում, իրենց մոտ, սակայն, վարութային ակտ չկա:
Հաջորդ աշխատանքային օրը փաստաբանն այցելել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ բանավոր տեղեկացրել են, որ, իրոք, ինչ-որ վարույթ է նախաձեռնված վերը նշված հանքավայրերին կից ենթադրյալ ապօրինի հանքարդյունահանման դեպքով, սահմանափակումներն այդ կապակցությամբ են կիրառված, և ոստիկաններն իրենց հանձնարարությունն են կատարում։ Սակայն սահմանափակումներն արձանագրող որևէ փաստաթուղթ փաստաբանին չի տրամադրվել։
«Շիրինշին» ընկերության տնօրենի գրավոր, ինչպես նաև փաստաբանի՝ տեղեկատվություն տրամադրելու բանավոր պահանջներին, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախաձեռնվել վարույթը, ընկերությունն ինչ առնչություն ունի ապօրինի հանքարդյունահանման հետ, և ինչ հիմքով է կասեցված խճաքարի հումքի արդյունահանումն ու տեղափոխումը մոտակայքում գտնվող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածք, ի պատասխան որևէ իրավական հիմք չի ներկայացվել։
Բազմաթիվ դիմում-գրություններից, հսկող դատախազին հասցեագրված բողոքներից հետո, ի վերջո, սեպտեմբերի 11-ին վարույթն իրականացնող քննիչը հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևանի Սիլիկյան թաղամաս Սպանդարյանի բազալտների հանքավայրում 4 ընկերությունների՝ «Երևանյան Բազալտ» ՍՊԸ-ի, «Ամելիա Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի և «Շիրինշին» ՍՊԸ-ի կողմից՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակներում ՀՀ կառավարության 22.08.2024թ. N: 1323-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և «արդյունահանման թույլտվություններով չնախատեսված տարածքներում հանքարդյունաբերություն իրականացնելու» ենթադրյալ փաստի առթիվ:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել դատաընդերքաբանական փորձաքննություն նշանակելու մասին, որի շրջանակներում հիշյալ տարածքներում պետք է կատարվեն փորձագիտական հետազոտություններ: Դրանով պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է նշված տարածքում հումքի արդյունահանումը:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ավագ դատախազ Ա․ Համբարձումյանն էլ գրությամբ հայտնել է, որ «Շիրինշին» ընկերության կողմից շահագործվող տարածքը համարվում է դեպքի վայր, և հետաքննության մարմինը քննիչի հանձնարարության հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է իր լիազորությունները՝ միջոցներ է ձեռնարկում դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ։
«Հաշվի առնելով սույն գործով նշանակված փորձաքննությունը, որի արդյունքներով պայմանավորված միայն հնարավոր է լուծել վարույթի ընթացքը, ուստի փորձաքննության կատարման համար դեռևս տվյալ փուլում դեպքի վայրի պահպանությունն անհրաժեշտություն է՝ ուղղված հանրային շահերի պաշտպանության նպատակին և գերակա է մասնավոր շահի նկատմամբ»,- հայտնել է ավագ դատախազը։
«Պարզեցի, որ «դատաընդերքաբանական փորձաքննություն»-ը ներառված չէ փորձաքննության տեսակների մեջ՝ որևէ փորձագիտական ընկերություն նման փորձաքննություն չի իրականացնում, քանի որ նման փորձագետներ չկան, և այդ իմաստով՝ նման տեսակի փորձաքննություն իրականացնելու և եզրակացություն տալու իրավասությամբ որևէ անձ (փորձագետ) օժտված չէ: Այսինքն՝ ապօրինի սահմանափակումներ կիրառելու հարցում վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունն անորոշ ժամկետով շարունակելու ոչ իրավաչափ նպատակով է հորինվել և նշանակվել «դատաընդերքաբանական փորձաքննությունը»»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Շիրինշին» ՍՊԸ-ի սեփականատեր Արկադի Շիրինյանը կարծում է, որ քրեական հետապնդումն անմիջականորեն կապված է Ակադեմիական քաղաքի հետ, նպատակը մեկն է՝ Կառավարությունն ուզում է, առանց համարժեք փոխհատուցման, ձերբազատվել հանքավայրերը շահագործող ընկերություններից։ Այլապես արդեն ավելի քան 5 ամիս հարուցված գործի շրջանակներում ընկերության տնօրենին, որը Շիրինյանի որդին է, նույնիսկ ձևականորեն հարցաքննության չեն հրավիրել։
«Կարծում եմ, որ նախագծի վրա գումարներ կաշխատեն, հերթական չիրականացվող ծրագիրը կլինի, քանի որ հանքերի տարածքում կառուցապատում իրականացնելն անհեթեթություն է, իսկ հանքերի գործունեությունը դադարեցնելու համար նախ հանքը շահագործողին պետք է փոխհատուցեն բաց թողնված օգուտի համար, բացի այդ՝ հանքերի փակման համար ծախսատար աշխատանքներ պետք է իրականացվեն»,- ասում է «Շիրինշին» ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ, քննություն չիրականացնելը և փորձաքննությունների տեսակների մեջ չներառված «դատաընդերքաբանական փորձաքննության» նշանակումն էլ նպատակ է հետապնդում այդ ապօրինությունը փորձաքննության քողի ներքո հնարավորինս երկարաձգել, որպեսզի «Շիրինշին» ընկերությունն այնպիսի ֆինանսական վիճակի հասնի, որ այլևս չկարողանա գործունեություն իրականացնել, չկատարի պայմանագրային պարտավորությունները, տույժ-տուգանքի ենթարկվի, չկարողանա վճարել աշխատակիցների աշխատավարձը, պարտքեր կուտակի, սնանկ ճանաչվի և, ի վերջո, զրկվի ընդերքօգտագործման իրավունքից։ Ընկերությունը, մինչդեռ, ընդգրկված է պետական ճանապարհաշինական ծրագրերում և հումքը հենց այդ հանքավայրերից է հանում։ Այժմ, ստիպված այլ ընկերություններից գնում է անում, որպեսզի կատարի պայմանագրային իր պարտավորությունները։ Բայց այդպես երկար շարունակել չի կարողանա․ ֆինանսական ծանր բեռի տակ է հայտնվում։
Ակադեմիական քաղաքի որոշումները և հարուցված քրեական գործը
2023թ․ հոկտեմբերի 19-ի որոշմամբ հաստատվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը։ Ըստ այդմ, մինչ այս տարվա սեպտեմբերի 30-ը պետք է ավարտվի նախագծման փուլը, այդ փուլում էլ նախատեսված են շահառուների հետ քննարկումները, տարածքների իրավական կարգավիճակի հստակեցումը և իրավունքների պետական գրանցումը։
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 4-ին, Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում Ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու որոշումն է կայացնում։ Դրանով սահմանվել է, որ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները ենթակա են իրականացման՝ որոշումն ընդունվելու ամսաթվից հետո՝ եռամսյա ժամկետում։
Կառավարության հունվարի 4-ի որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգել «Շիրինշին» ընկերության գործունեությունը՝ պարզելու համար Երևանի Սպանդարյանի բազալտների հանքավայրում ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման համապատասխանելիությունը ՀՀ oրենսդրության պահանջներին։
Տեսչական մարմնից խնդրեցինք տրամադրել ստուգման ակտով արձանագրած խախտումները, դրանց ընթացքի վերաբերյալ ինֆորմացիա, ինչպես նաև ստուգման ակտերը։ Տեսչական մարմինը մերժել է մեզ ինֆորմացիա տրամադրել՝ հղում կատարելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքին։ Տեսչական մարմնին ևս մեկ հարցում ենք ուղարկել՝ նշելով, որ հայցվող տեղեկատվությունը չի առնչվում իրենց վկայակոչած օրենքին։ Մեր երկրորդ հարցմանն էլ ընդհանրական պատասխաններ է տրամադրել, որով հասկանալի չէ, թե կոնկրետ այս ընկերությունն ինչ խախտումներ է կատարել։
«Շիրինշին» ընկերության փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը պատմեց, որ արձանագրված ձևական խախտումներն իրենք բողոքարկել են Վարչական դատարանում։ Առայժմ կայացել է մեկ նախնական նիստ։
Ընկերությունում իրականացված ստուգման նյութերը Տեսչական մարմինն ուղարկել է ՊԵԿ, որտեղից նյութերն ուղարկվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն Լեռնիկ Հովհաննիսյանը վստահ է, որ այդ վարույթն առաջիկայում կկարճվի՝ անհեթեթ լինելու պատճառով։
Կառավարության 2024թ․ հունվարի 4-ի որոշումից հետո, հանրային գերակա շահ ճանաչված 93 անշարժ գույք Կառավարության արդեն օգոստոսի 22-ի որոշումով վերստին գերակա շահ է ճանաչվում, իսկ Կառավարության հունվարի 4-ի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում։
Նոր որոշումը նախորդից չնչին տարբերություններ ունի, դրանք հիմնականում վերաբերում են ժամկետներին․ եթե հունվարի 4-ի որոշմամբ սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ էր սահմանվել 2024թ․ դեկտեմբերի 20-ը, ապա նոր որոշմամբ այդ ժամկետը դառնում է 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ Նոր որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում նաև հունվարի 4-ի որոշումը։ Իսկ նոր որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ․ սեպտեմբերից։
Քննչական կոմիտեն քրեական վարույթը նախաձեռնել է օգոստոսի 29-ին Կառավարության օգոստոսի 22-ի որոշման հիման վրա, որը, սակայն, դեռ ուժի մեջ չէր մտել, այն ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերի 1-ից։
Ստուգումների 2024թ․-ի ծրագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նշված 4 հանքավայրերից ստուգում է իրականացվել միայն «Շիրինշին» ՍՊԸ-ում։ Այդ ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերությունը փաստացի գործունեությունն իրականացնում է 2020թ․ հունիսի 15-ին տրված ընդերքօգտագործման թույլտվության, լեռնահատկացման ակտի և կնքված պայմանագրի հիման վրա, վկայականով ամրագրված վարձակալած տարածքում՝ տեղամասի եզրագծային կորդիտների սահմաններում:
«ՄԼ Մայնինգը» ստուգվել է 2023-ին՝ վարչապետի հանձնարարականով և լիազոր մարմնի գրության հիման վրա, սակայն այդ ստուգումները Սպանդարյանի հանքավայրին չեն վերաբերել։ «ՄԼ Մայնինգը», հիշեցնենք, տարբեր հանքեր ունի և կառուցապատման տարբեր ծրագրեր է իրականացնում։ «Երևանյան բազալտ»-ն ու «Ամելիա մայնինգը» տեսչական մարմնի կողմից չեն ստուգվել։
«Ամելիա Մայնինգ Քամփընի» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Սիմոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նույն գործընթացը սկսվել էր նաև իրենց նկատմամբ։ Անցյալ տարի այդ նույն օրերին ոստիկաններն այցելել են իրենց տարածք, տեղեկացրել քրեական վարույթի մասին, և որոշակի ժամանակով կասեցվել էր նաև իրենց գործունեությունը։ Ընկերության փաստաբանները հոկտեմբերին դիմել են դատարան՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Նրանք պահանջել են, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ոստիկանությանը՝ ձեռնպահ մնալ «Ամելիա Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից ք. Երևան Հաղթանակ 1փ. 1/20 հասցեում շահագործվող հանքի շահագործումը, հանքարդյունաբերության իրականացումը, արդյունահանված հանքանյութի մշակման (քարը աղալու, մանրացնելու) արտադրական պրոցեսը դադարեցնելուն կամ արգելելուն ուղղված գործողությունների կատարումից և նշված աշխատանքները դադարեցնելու պահանջ ներկայացնելուց։
Ավելին, ընկերությունը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությամբ պահանջել է արգելել ՆԳՆ ոստիկանությանը կատարել ընկերության կողմից Երևան քաղաքի Հաղթանակ 1փ, 1/20 հասցեում շահագործվող հանքի շահագործումը, հանքարդյունաբերության իրականացումը, արդյունահանված հանքանյութի մշակումը (քարը աղալու, մանրացնելու) դադարեցնելուն կամ արգելելուն ուղղված գործողություններ և նշված աշխատանքները դադարեցնելու պահանջ ներկայացնել մինչև այս գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական նիստ նշանակել 2025թ․ ապրիլի 30-ին։
«ՄԼ Մայնինգ» ընկերության տնօրեն Էդուարդ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց հանքավայրի աշխատանքներն էլ են փորձել դադարեցնել՝ բանավոր զգուշացումներով, սակայն ինքը պահանջել է օրենքով սահմանված կարգով գրավոր ծանուցել հիմքերի և սահմանափակումների վերաբերյալ, որպեսզի իրավական գործընթաց նախաձեռնի։ Մինչ օրս որևէ սահմանափակման մասին չեն ծանուցվել, այդ պատճառով հանքավայրի աշխատանքները չեն դադարեցվել։ Ժամանակ առ ժամանակ ոստիկանները փորձ են արել մեքենաները կանգնեցնել, սակայն դրանց պարունակությունը և փաստաթղթերը ստուգելուց հետո և իրենց կողմից հնչեցված գրավոր ծանուցման մասին լսելուց հետո թողել են մեքենաների ընթացքը շարունակվի։
Էդուարդ Մարգարյանը հույս ունի, որ գերակա ճանաչված այդ տարածքները շահագործողներին խելամիտ փոխհատուցում կտան, որովհետև ԾԻԳ-ի աշխատակիցներն էլ չեն կարողացել հստակեցնել, թե ինչպես են հանքարդյունահանողներին փոխհատուցելու, քանի որ տարածքը Երևանի համայնքից են վարձակալել, ընդերքը պետությանն է, բայց ընդերքօգտագործողները միլիարդավոր դրամներ են ներդրել այդտեղից արդյունահանում իրականացնելու համար մինչև, օրինակ, 2030 կամ X թվականը։
Ավելին, Մարգարյանը հույս ունի, որ Ակադեմիական քաղաքի կառուցմանը զուգընթաց թույլ կտան հանքավայրերի շահագործումը, քանզի հենց այդտեղի հումքը կարող են օգտագործել շինարարություն իրականացնելու համար։
«Շինարարության ոլորտի կեսից ավելին Սպանդարյանի հանքերն են մատակարարում։ Եթե սրանք փակում են, հումքի ինքնարժեքի հարց կառաջանա, հեռու հանքերը, որոնց հումքը որակապես զիջում է Սպանդարյանի հանքերի հումքի որակին, նաև ինքնարժեքը կբարձրացնեն։ Գոնե պիտի թույլ տան, որ աշխատեն, եթե վաղն էլ սկսեն Ակադեմիական քաղաքը, 10 տարուց ավելի էդ շինարարությունը կընթանա»,- ասում է Էդուարդ Մարգարյանը։
Այդուհանդերձ, Մարգարյանի խոսքով, համայնքի ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրենց հանքավայրը տեղազննվել է, կազմվել է դրա վերաբերյալ արձանագրությունը։ Սակայն նույնիսկ ԾԻԳ-ից որևէ սահմանափակման մասին ծանուցում չեն ստացել։
«Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Բաղդասարյանը երկրում չէր, նրա հետ այս թեմայով զրուցել չկարողացանք։ Գլխավոր հաշվապահը փոխանցեց, որ այդ հարցերով տնօրենն է զբաղվում, որը կվերադառնա շուրջ 1 ամսից։
«Շիրինշին» ՍՊԸ-ն էլ դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, սակայն դատարանի՝ նոյեմբերին կայացրած որոշումով, հանրային մասնակիցների վարութային ակտի իրավաչափության դատական երաշխիքների վարույթի հարուցումը մերժվել է։ Լեռնիկ Հովհաննիսյանն այդուհետ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն արդեն ընդունվել է վարույթ։
Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ այս գործն օրենքների հետ աղերս չունի, շինծու և վերևներից հրահանգված գործ է․ «Այսինքն՝ այստեղ ստացվում է, որ մի մարդ, որը որ օրենքներին չի տիրապետում, օրենքներ կիրառող մարդկանց կարող է տալ հանձնարարություն, ու սրանք լուռ այս ամեն ինչը իրականացնում են»։
Վերոնշյալ 4 հանքավայրերից բացի, Սպանդարյանում ևս մեկ հանքավայրի պաշարներ են հաստատված, որի ընդերքօգտագործման իրավունքը տրվել էր «Մեգերյան» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը չի շահագործում հանքավայրը, որովհետև դատական գործընթացի մեջ էր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ 2021թ․ հունիսի 4-ի հրամանով ընկերությունը զրկվել էր ընդերքօգտագործման իրավունքից։ «Մեգերյան» ՍՊԸ-ն նախարարի հրամանը ոչ իրավաչափ ճանաչելու հայց էր ներկայացրել Վարչական դատարան։ Դատավոր Մերի Համբարձումյանը բավարարել էր ընկերության հայցը։ Նախարարությունն այն բողոքարկել էր, և Վերաքննիչ դատարանն արդեն հօգուտ ՏԿԵՆ-ի որոշում էր կայացրել՝ ամբողջությամբ բեկանելով և փոփոխելով ստորադաս ատյանի վճիռը՝ մերժելով «Մեգերյան» ՍՊԸ-ի հայցը։ Վճռաբեկ դատարանը «Մեգերյան» ՍՊԸ-ի բողոքը վարույթ չէր ընդունել։ Այդպիսով, ընկերության ընդերքօգտագործման իրավունքը չէր վերականգնվել։