Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը, Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել։
«Ռուֆուլլա Ախունդզադեն և նրա որդին՝ Ալմուրսալ Ախունդզադեն, ովքեր համագործակցել են Իրանի հատուկ ծառայությունների հետ, կազմակերպել են զինված անկարգություններ երկրի տարածքում՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի փոխելու և «Քերիմե» պետություն ստեղծելու համար, կազմակերպել են դիմադրության խմբեր, Ադրբեջանի Հանրապետության պետական պաշտոնյաների սպանություններ կազմակերպելու նպատակով նախապատրաստել են գործողությունների ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում Ռուֆուլլա Ախունդզադեն գաղտնի խմբեր է ստեղծել WhatsApp-ում, Telegram-ում և այլ համակարգերում:
Ախունդզադեն և նրա որդին խմբի անդամներին ներկայացրել են պաշտոնյաների և հասարակական գործիչների ցուցակը, նրանց տվյալները, մահափորձերի կազմակերպման համար նախատեսված բնակավայրերի և աշխատավայրերի հասցեները։
Գործողության ընթացքում կալանավորվել են «Վրեժ 313» խմբի 7 անդամներ՝ Էլգուն Աղաևը, Ռուսլան Ալիևը, Յուսիֆ Միրզաևը, Էլվին Ջաֆարովը, Սավալան Հուսեյնլին, Բիլալ Սուջադդինլին, Մահարրամելի Մուսաևը, ինչպես նաև խմբի այլ անդամներ։
Ռուֆուլլա Ախունդզադեն շարունակական օնլայն հանդիպումներ է անցկացրել՝ նպատակ ունենալով ցուցումներ տալ նշված անձանց և պահել նրանց ազդեցության գոտում։ Այդպիսով նա պայմաններ է ստեղծել հանցախմբի անդամների մոտ արմատական միտումների հետագա ամրապնդման համար։ Ախունդզադեն ծրագրել էր խմբավորման անդամներին Իրան տանել՝ ռազմական պատրաստության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: