Հետևեք մեզ։

Արման Ծառուկյանի առողջական վիճակի և Մայքլ Չենդլերի հետ հնարավոր մենամարտի մասին

20:48, 05 փետրվար 2025
Արման Ծառուկյանի առողջական վիճակի և Մայքլ Չենդլերի հետ հնարավոր մենամարտի մասին

Հայ մարտիկ Արման Ծառուկյանը հունվարին ստիպված էր հրաժարվել UFC 311-ում նախատեսված մենամարտից թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ՝ մեջքի վնասվածքի պատճառով, գրում է Armsport.am-ը:

 

«Наше Дело» լիգայի մարզական տնօրեն Արմեն Ղուլյանը նշել է, որ Ծառուկյանը հետազոտվում է լավագույն մասնագետների կողմից՝ հասկանալու վնասվածքի լրջությունը և վերականգնման հնարավորությունները։ Նրա թիմը հետևում է առողջական վիճակին, իսկ մարտիկն ինքը նպատակ ունի արագ ապաքինվել ու վերադառնալ մրցաշար։

 

«Ես տեղեկություն չունեմ Արմանի հետազոտության վերաբերյալ։ Վերջին բանը, որ ինձ հայտնի է, այն է, որ նա պատրաստվում է հետազոտել իր մեջքը՝ պարզելու վնասվածքի լրջությունը և վերականգնման գործընթացը։ Վարդանյանը նրան խորհուրդ է տվել մասնագետների, ովքեր ժամանակին օգնել էին Էդուարդին, երբ նրա մոտ եղել էր կաթվածի վտանգ։ Ողնաշարի խնդիրները պետք է հետևել առավելագույն ուշադրությամբ։ Արմանը լավ շրջապատ ունի, նրանք կվերահսկեն այս գործընթացը։ Ծառուկյանը ցանկանում է հնարավորինս արագ ապաքինվել և կարճ ժամկետում կրկին մենամարտել։ Նա գիտակցում է, որ մեծ հարված է հասցրել կազմակերպությանը և երկրպագուներին ու ցանկանում է վերականգնել իր հեղինակությունը»,- նշել է Ղուլյանը։

 

Հաղորդվում է, որ Ծառուկյանը մոտ է վերադարձին և հնարավոր է՝ ապրիլի 12-ին Մայքլ Չենդլերի դեմ մենամարտ անցկացնի UFC 314-ում։ Ըստ լրագրող Մանուկ Հակոբյանի՝ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները