Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերը աշխատում են: Այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ առաջարկվում են փոփոխություններ տարակարգի մեխանիզմով:
«Հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90--100 տոկոսը»,- ասաց նա:
Հստակեցվել են նաև դասընթացների հանդեպ պահանջները, որոնք, ըստ նախարարի, նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է:
«Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- հավելեց նախարարը: