ԱՄՆ նոր վարչակազմի վերջին բացահայտումները արտաքին օգնության չարաշահման մասին ազդանշան են Վրաստանի համար։ Այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով, առաջիկա 2 ամիսների ընթացքում աշխատանք է տարվելու օրենսդրական փոփոխությունների վրա՝ ժողովրդավարության ամրապնդման, ապատեղեկատվության դեմ պայքարի և պետական կառույցների գործունեությանը արտաքին միջամտությունը սահմանափակելու համար։
«Պարզվեց, որ որոշ օտարերկրյա կազմակերպություններ ֆինանսական ռեսուրսներն օգտագործում են սեփական շահերն առաջ տանելու համար։ Պարզվեց, որ նույնիսկ որոշ միջազգային լրատվամիջոցներ են ֆինանսավորվել այդ նպատակով»,- նշել է Պապուաշվիլին։
Նա հավելեց, որ այս իրավիճակը օրենսդրության բարելավման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է ստեղծում։