Հետևեք մեզ։

Բաքվի նպատակը 23 գերեվարված հայերի «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է. Տիգրան Աբրահամյան

10:01, 07 փետրվար 2025
Բաքվի նպատակը 23 գերեվարված հայերի «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ:  Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան նրանց մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումը:

Պատահական չէր, որ առաջին նիստերից, Ադրբեջանն առաջին պլան բերեց Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը, այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը:

Հետայսու էլ, ողջ պրոցեսն ու «դատավճիռն» այս տրամաբանության շուրջ է լինելու` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու, «ագրեսորի» և «օկուպանտի» պիտակն ամուր կպցնելու համար:

Ի դեպ, Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու: Հետագայում այդ «դատավճռի» հիման վրա Ադրբեջանը 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլն է անելու ու այդպես շարունակ, քանի դրա հնարավորությունը ունի և չեղած իրողությունները որպես փաստ կարողանում է ծառայեցնել տարբեր նպատակների:

Մինչ փաշինյանական թիմը տարբեր հակահայ ձևակերպումներով շողոքորթում և ծառայություններ է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում»,-գրել է նա։

Վերլուծական