Մարիամ Խաչատրյանն այսօր՝ ժամը 14:03-ին, նորից «Էվոկաբանկից» նամակ է ստացել, որտեղ այլ մարդու՝ Մարիամ Վաղինակի Խաչատրյանի հաշվի քաղվածքն է, գրում է «Հետքը»:
«Մայիսի 8-ին գրել էինք, որ Մարիամ Խաչատրյանը ստանում է այլ անձանց անձնական տվյալներ պարունակող հաղորդագրություններ, բանկերից մեկը, որը քաղաքացուն նամակներ էր ուղարկում «Էվոկաբանկն» էր։
Մեր հարցմանը «Էվոկաբանկը» բավարար պատասխան չէր տվել՝ հղում անելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին և հայտնել էր, որ մեզ դիմած քաղաքացին՝ Մարիամ Խաչատրյանը, կարող է աշխատանքային օրերին անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկ և ստանալ պարզաբանումներ։ Չնայած այս ամենին՝ Մարիամ Խաչատրյանի էլհասցեն ոչ միայն չի հանվել բանկի բազայից, այլև նա շարունակում է ստանալ այլ անձանց հասցեագրված նամակները, իսկ բանկը հայտնում է, որ իրենց անվտանգության համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»,- գրել է լրատվամիջոցը: