Հովիկ Աղազարյանը և ես ձեր աջակցության կարիքն ունենք, մենք ենթարկվում ենք ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից: Այս մասին «Միասնական ազգային սահմանադրական կուսակացության» հիմնադիր համագումարին հայտարարել է նախկին ՔՊ-ական, այժմ՝ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նշենք, որ կուսակցությունը հիմնադրել են ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։
Ասլանյանը իր խոսքում անդրադարձավ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, ում դասավանդել է։ «Իմ նախկին աշակերտն ինձ համեմատեց ամերիկյան բանակի գեներալ Բենեդիկտ Առնոլդի հետ. իբր ինքն է ինձ բերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, դիրքի հասցրել, իսկ ես դավաճանել եմ։ 2017-ին, երբ ՔՊ-ն «Ելք» դաշինքով մասնակցում էր ԱԺ ընտրություններին և ուներ կադրային լուրջ խնդիր, Մխիթար Հայրապետյանը շատ լավ էր ճանաչում ինձ, հպարտանում էր։ Ինձ այդ ժամանակ առաջարկվեց միանալ թիմին և առաջադրվել որպես պատգամավոր:
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 861 ձայն ստացա և դա լուրջ արդյունք էր, իսկ արդեն 2019 թվականին ես ստացա ավելի քան 3,500 ձայն, այս դեպքում, իհարկե, մեծ էր վարչապետի գործոնը, բայց կներեք, ես էլ ուսապարկ չէի»,- մանրամասնել է պատգամավորը:
Նա նշել է՝ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ. «Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, և մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն»։