«Լիդս Յունայթեդը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը «Կրասնոդարից» գնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը, փոխանցում է Armsport.am-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է 24-ամյա Էդուարդ Սպերցյանի թեկնածությունը որպես ուժեղացում՝ պայմանով, որ Չեմպիոնշիփի թիմին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հաջողվի մտնել Պրեմիեր լիգա։ Այս պահին թիմը գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:
Նշվում է, որ անգլիական թիմի մարզիչ Ֆարկեն, ով, ի դեպ, ժամանակին աշխատել է ռուսական ակումբում, ցանկանում է թիմում ունենալ «10 համարի» ֆուտբոլիստ։
Նաև տեղեկությունը, որ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ անգլիական ակումբը պատրաստվում է բանակցություններ վարել, հաստատել է «Լիդսի» նախկին դարպասապահ Փոլ Ռոբինսոնը, ով կիսապաշտպանին անվանել է տաղանդավոր և ստեղծագործ, ով կարող է նաև հարձակվողի դեր կատարել։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։