Կառավարությունը ցանկանում է լիազորություն ունենալ, համաձայն որի՝ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պայմանների ստուգման արդյունքում խախտումների հայտաբերման դեպքում կկարողանա սահմանափակել ֆինանսական գործարքների իրականացումը։ Համապատասխան նախագիծը հրապարկվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով առաջարկվում է «Անկանխիկ գործառնություների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Անկանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են սահմանվել գործարքի իրականացման հավելյալ պայմաններ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:
Նախագծի հակիրճ նկարագրում ասվում է, որ այդ կարգավորմամբ կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ։