Հետևեք մեզ։

Հայտնի է՝ ուր կտեղափոխվեն Աշոտաբերդում հրդեհված փայտե շենքի բնակիչները

13:20, 10 փետրվար 2025
Հայտնի է՝ ուր կտեղափոխվեն Աշոտաբերդում հրդեհված փայտե շենքի բնակիչները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Լոռու մարզի Ստեփանավան համայնք՝ ծանոթանալու Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։

 

Նախարարը նախ մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ շրջայց է կատարել թաղամասում, այցելել է նաև հարևանությամբ կառուցվող նոր թաղամասի շինհրապարակ, որտեղ շինարարության ավարտից հետո կտեղափոխվեն Աշոտաբերդ թաղամասի բնակիչները։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։ 

 

Այնուհետև նախարարն այցելել է հյուրանոց, որտեղ տեղակայվել են տարհանված բնակիչները։ Խուդաթյանը զրուցել է նրանց հետ, ծանոթացել պայմաններին։ 

 

Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում` օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ, կայացել է  խորհրդակցություն, որի ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանը զեկուցել է հրդեհից հետո իրականացված աշխատանքները, ձեռնարկված քայլերը տարհանված բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ։

 

Այս պահին հյուրանոցում  տեղակայված է 29 քաղաքացի։ 13 բնակիչ իրենց ցանկությամբ գտնվում են իրենց հարազատների տանը։ Բոլորն ապահովված են սննդով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։

 

Խորհրդակցության ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ միջնաժամկետ անելիքների վերաբերյալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները