Washingtonpost-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, որը շաբաթական երկու անգամ արտաքին հարաբերությունների վերաբերյալ սյունակ է գրում The Washington Post-ում, անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում որպես գերի պահվող Ռուբեն Վարդանյանին:
Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից․ նշել է հոդվածագիրը։
«Աշխարհում այդքան տառապանքի գոյության պարագայում անհատական դեպքերը կարող են չնկատվել, բայց ես ուզում եմ բացատրել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու իրավիճակը, որը քաղբանտարկյալ է Ադրբեջանում և նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Այս գործը մեծ ուշադրության է արժանի։ Վարդանյանի հանցանքը, եթե կարելի է այդպես անվանել, այն է, որ նա պաշտպանել է հայկական դիմադրությունը Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասի հեռավոր տարածաշրջանում, որի բնակչությունը հայերն էին և այն ինքնավար էր։ Սակայն ոչ հիմա․ տարածաշրջանի 120 000 հայերը փախել են 2023 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ: Վարդանյանը ձերբակալվել է, երբ նա փորձել է հատել Հայաստանի սահմանը»։
Ռուբեն Վարդանյանին ներկայացնելիս հոդվածագիրը նշել է, որ նա անհավանական անհատականություն է․ բիզնեսմեն է եղել Ռուսաստանում, այնուհետև՝ 2014-ին Դիլիջանում դպրոց է հիմել, 2015-ից նախաձեռնել է «Ավրորա» մարդասիրական ծրագիրը և այլն։
Հոդվածագիրը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում ցուցարարները ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կառավարական ուժերի կողմից բանտարկվելուց հետո։