Մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք, և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և վերջիվերջո, մենք ունենք շատ չլուծված հարցեր. պատասխաններ, որոնք մինչև օրս չունենք։ Այս մասին ասել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը դիտարկի Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հեռանկարը։
«Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակներում։ Ռուսաստանը առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք։
Ի պատասխան հնչեց՝ դե, ձեր սահմանը դելիմիտացված չէ, պարզ չէ՝ որտեղ է ՀԱՊԿ-ը, և մենք ում հետ ենք պայմանագիր կնքել։ Էլ չեմ ասում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահներն այնտեղ էին և պետք է պաշտպանեին հայ ժողովրդին, և որտե՞ղ են հիմա ռուս խաղաղապահները, և որտե՞ղ է հայ ժողովուրդը, որը բնակվում էր ԼՂ-ում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։