Հետևեք մեզ։

Քաղաքացիները կեղծ կնիքներ են պատրաստել և խաբեությամբ պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ

18:35, 16 մայիս 2023
Քաղաքացիները կեղծ կնիքներ են պատրաստել և խաբեությամբ պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ

ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են կեղծ կնիքներ, որոնց հիման վրա՝ խաբեության եղանակով, պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ:

 

Բացի այդ, հանցավոր ճանապարհով ստացված՝ պետությունից խարդախությամբ հափշտակված 558 մլն 200 հազար դրամի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի լվացում կատարելու) նպատակով՝ Գ.Ն.-ն գումարները փոխանցել է իրենց կողմից նախապես հիմնադրված ընկերությունների տարբեր բանկային հաշիվներին, ապա կանխիկացրել դրանք բանկային հաշիվներից:

 

Դատախազի որոշմամբ 2023 թվականի մայիսի 8-ին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

 

2022 թվականի օգոստոսին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

2023 թվականի մայիսի 15-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: