2022-ի դեկտեմբերի 12-ին բնապահպանական կեղծ պատրվակով Լաչինի անցակետը փակած ադրբեջանական իշխանությունները ապրիլի 23-ին կատարել են հաջորդ ապօրինի քայլը, որը շրջափակման մեջ է պահում Արցախը։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող գոտում։
Կարճ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տեղադրեցին, թե ինչպես են Արցախի քաղաքացիները փաստաթղթերը հանձնում զննության իրենց անցակետում և այնուհետև մուտք գործում Արցախ։
Արցախի իշխանությունները պարզաբանեցին, որ այդ քաղաքացիները ռուս խաղաղապահների հետ Գորիս են գնացել այդ նույն անցակետով, որտեղ նրանցից փաստաթուղթ չեն պահանջել, իսկ վերադարձին փաստաթղթեր են պահանջել և տեսանկարահանել։ Արցախի իշխանությունները նման գործելաոճը համարել են անընդունելի։
Այսօր ադրբեջանական կողմն այլ տեսանյութ է տարածել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես են ստուգվում շտապօգնության մեքենայում գտնվող քաղաքացիների և մեքենայից դուրս գտնվող քաղաքացիների փաստաթղթերը։
Տեսանյութում հատուկ ցուցադրվում է, որ ապօրինի անցակետում շտապբուժօգնության մեքենան է։
Իր հերթին Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ խաղաղապահների ուղեկցությամբ 9 բուժառու 7 ուղեկցողով Արցախից տեղափոխվել է Հայաստան։