Հետևեք մեզ։

Տնտեսական զարգացումը Եվրոպայի հետ է, ԵԱՏՄ երկրներն էլ են այնտեղից վերցնում այդ ամենը․ Արտակ Զեյնալյան

13:47, 12 փետրվար 2025
Տնտեսական զարգացումը Եվրոպայի հետ է, ԵԱՏՄ երկրներն էլ են այնտեղից վերցնում այդ ամենը․ Արտակ Զեյնալյան

Ես իմ բացման խոսքում նշել եմ՝ 60 հազար ստորագրություն մենք հավաքել ենք նախատեսված ժամանակի կեսում և Հայաստանի ընդամենը 44 խոշորացված համայնքներից: Հայաստանի համայնքների թիվը 1000-ից ավելի է: Սա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք հավաքել և 300 հազար ստորագրություն, և եթե դրվի սահմանադրական հանրաքվե, ապա այն հավաքելու է բավարար ձայներ, որպեսզի այն օրենք դառնա: «Լուրեր»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ խոսելով «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի մասին։

«Դրա վերաբերյալ կա նաև օպերատիվ ինֆորմացիա: Վստահ եմ՝ սա օպերատիվ ինֆորմացիա է, կամ ենթադրում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կողմնակից է անդամակցելու Եվրոպական միությանը, կամ, ավելի ստույգ՝ մեկնարկելու անդամակցության գործընթաց: 

Մենք ունեինք նաև նախագիծ Սահմանադրության մեջ լրացում կատարելու վերաբերյալ՝ անցումային դրույթներում, ճիշտ այնպիսի դրույթ, ինչ  նախատեսված է Վրաստանի Սահմանադրությունում, որ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում անում են ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ինտեգրվի և անդամակցի Եվրոպական միությանը: Սակայն մենք վերլուծել, ծանրութեթև ենք արել  և որոշել ենք գնալ այս ուղիով, որ առավելագույն ճկունություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը: 

Մենք պատասխանատվություն ենք զգում, որովհետև մենք օրենք ենք նախաձեռնել, և այն միայն մեր անձնական շահերի համար չէ: Դա ՀՀ համընդհանուր շահերի համար է»,- ասաց Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե դա կեղծ օրակարգ է, նկատեց՝ եթե չկա օրակարգ, ինչու է այս օրենքը քննարկվում այսպիսի ընդարձակ ռեժիմով, և ինչու են այդքան շատ ելույթներ:

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ «սա օրակարգային հարց է»:

Խոսելով ժողովրդի տրամադրությունների մասին՝ Զեյնալյանը հիշեցրեց՝ երբ ստորագրվում էր ԵԱՏՄ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթը, ինչպիսին էին ժողովրդի տրամադրությունները:

«Եթե անցկացվեր ազատ հանրաքվե, ինչպե՞ս էր քվեարկելու Հայաստանի ժողովուրդը: Համաձայնելո՞ւ էր արդյոք, որպեսզի Հայաստանը մտնի ԵԱՏՄ Մաքսային միություն: Համոզված եմ, որ՝ ոչ: Այդ ժամանակվա տրամադրություններն էլ էին ասում դա, որ Հայաստանի ժողովուրդը համաձայն չէր, որ Հայաստանը դառնա ԵԱՏՄ անդամ: 

Հիմա մենք օրինական ճանապարհով բերում ենք, որպեսզի մեկնարկի այդ ուղին: Պատգամավորներից մեկն ասում է՝ արդյո՞ք իր թոռների զավակները կտեսնեն ԵՄ-ն: Եթե փսիխոանալիզի ենթարկենք այս ասածը, դա նշանակում է հետևյալը՝ որ ինքը երազում է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ, և մնացածն արդեն պատրվակ է, թե ինչու են պատրաստվում քննադատել և դեմ քվեարկել սրան»,- հավելեց Զեյնալյանը՝ անդրադառնալով նաև ընդդիմադիրների հակափաստարկներին:

«Հիմնական հակափաստարկը հետևյալն է՝ բա որ կորցնենք ԵԱՏՄ շուկան: Հնչեց ևս մի հակափաստարկ, որ մենք ամուսնացած ենք ԵԱՏՄ-ի հետ: Իսկ ԵԱՏՄ-ն մե՞կն է, թե՞ բազմաթիվ են: Մենք գտնում ենք, որ տնտեսական զարգացումը Եվրոպայի հետ է: Այդ ԵԱՏՄ երկրներն էլ են այնտեղից վերցնում այդ ամենը»,- ասաց նա: 

Զեյնալյանի խոսքով՝ իրենք բերել են այս օրենքի նախագիծը, որպեսզի ՀՀ-ն արտահայտի դեպի ԵՄ գնալու իր քաղաքական կամքը:

«Այս ընթացքն անշրջելի է, ժողովուրդը սրա կողմնակիցն է»,- խոսքը եզրափակեց նա:

Վերլուծական