ԱՄՆ-ում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին մոտ օրերս կվերադարձվի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա հայտնել է, որ ԱՄՆ-ում բանտարկված ՌԴ քաղաքացուն փոխանակել են նախօրեին բանտից ազատված ամերիկյան քաղաքացի Մարկ Ֆոգելի հետ։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջերս երկու երկրների համապատասխան կառույցների միջոցով ամրապնդվել են աշխատանքն ու շփումները, և այդ շփումների արդյունքը Ֆոգելի, ինչպես նաև ԱՄՆ-ի բանտերում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից մեկի ազատ արձակումն էր։ Ռուսաստանի այդ քաղաքացին նույնպես մոտ օրերս կվերադառնա Ռուսաստան»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նաև ասել է, որ վերջին շրջանում ակտիվացել են շփումները Կրեմլի ներկայացուցիչների և Թրամփի վարչակազմի միջև։
Նշենք, որ նախօրեին Մոսկվա էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը։ Տեղեկություններ կան, որ նա բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վիտկոֆի բանակցություններից հետո Մոսկվան ազատ արձակեց ամերիկացի դիվանագետ Մարկ Ֆոգելին, ով երեք տարի ազատազրկված էր Ռուսաստանում թմրանյութերի մեղադրանքով։