Հետևեք մեզ։

Քրեական վարույթ՝ հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար․ ԿԳՄՍՆ-ն խնդրում է շինթույլտվությունն անվավեր ճանաչել․ «Հետք»

06:49, 13 փետրվար 2025
Քրեական վարույթ՝ հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար․ ԿԳՄՍՆ-ն խնդրում է շինթույլտվությունն անվավեր ճանաչել․ «Հետք»

Երևանի Կիևյան 7 հասցեի հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախագծից շեղումով կատարված շինարարության դեմ ամիսներ շարունակ պայքարող նույն շենքի բնակիչները քրեական վարույթը դեռ հաղթանակ չեն համարում, քանի դեռ հուշարձան-շենքի նախկին տեսքը վերականգնված չէ։

«Հետքը» գրում է․

«Հուշարձան-շենքի առաջին հարկի բնակարաններից մեկը գնել և նախորդ տարի շինարարություն էր սկսել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից Արսեն Ավետիսյանը։ «Հետքը» 2024 թ․-ի հոկտեմբերին արձանագրել էր, որ կառուցապատողը շեղվել է քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծից։ Շենքի առաջին հարկում գտնվող բնակարանը հասարակական տարածքի վերածելիս դռան բացվածքը նախատեսված 80 սմ-ի փոխարեն նա դարձրել էր 150 սմ, ինքնակամ տեղադրել էր մետաղական շերտավարագույր՝ վնասելով շենքի պատին տեղադրված, անվանի ըմբիշ Ռուբեն Վարդանյանի հուշաքարը։ 

 

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու փաստով, այն է՝ պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը։ Բնակիչներից Արթուր Վարդանյանը, ում հաղորդման հիման վրա է վարույթը սկսվել, տեղեկացրեց, որ քննիչի որոշմամբ փորձաքննություն պետք է իրականացվի։ Գործից այլ մանրամասներ հայտնի չեն։

 

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները միայն «Հետքի» հրապարակումից հետո՝ նոյեմբերի 6-ին են կարողացել նկատել շինարարության ժամանակ կատարված խախտումները։ «Նախագծի պահանջներից դուրս տեղադրվել է 3 մետաղական շերտավարագույր, և նախատեսվող մուտքի բացվածքը իրականացվել է ֆիզիկական չափերի շեղմամբ»,- արձանագրել են քաղաքապետարանի աշխատակիցները։ Այդ փաստը հետագայում պետք է վարչական վարույթի հիմք դառնա։ Իսկ ինչպե՞ս պետք է վերականգնվի հուշարձան-շենքի նախկին տեսքը, քաղաքապետարանից բնակիչներին առաջարկել են դիմել համատիրություն, քանի որ շինարարությունն իրականացվել է «բաժնային սեփականություն» հանդիսացող տարածքում, որի կառավարիչը համատիրությունն է։

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շենքում կատարված խախտումներով շինարարության հարցով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը դիմումներ է ուղղել Երևանի քաղաքապետին և Ներքին գործերի նախարարությանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շինթույլտվություն էր տվել կառուցապատողին՝ առանց շինարարության նախագիծը ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցնելու։ Երևանի քաղաքապետարանը նախագծի չհամաձայնեցված լինելը պայմանավորել է մինչ շինթույլտվությունն իրականացված փորձաքննությամբ, որի ժամանակ լիցենզավորված «Լավո» ՍՊԸ-ն փորձաքննական դրական եզրակացություն էր տվել, որի համաձայն՝ նախագծում պահպանվել են քաղաքաշինական նորմերը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին գրավոր հայտնել է, որ այդուհանդերձ կառուցապատողը նախագծի պահանջներից դուրս տեղադրել է մետաղական շերտավարագույր և նախատեսվող մուտքի բացվածքը իրականացրել է ֆիզիկական չափերի շեղմամբ, որի համար արձանագրություն է կազմվել։ Դրանից հետո ԿԳՄՍ նախարարությունը կրկին դիմել է Երևանի քաղաքապետարան։ Խնդրել է պարտավորեցնել օրինախախտ քաղաքացուն ինքնակամ տեղադրված մետաղական շերտավարագույրը ապամոնտաժել, հուշարձան-շենքի նախկին տեսքը վերականգնել, ինչպես նաև անվավեր ճանաչել տրամադրված շինթույլտվությունը։ 

 

Այս ամենից բացի, կասկածի տակ է դրվում հուշարձան-շենքում կառուցապատման համար Երևանի քաղաքապետի տված նախագծման և շինարարության թույլտվությունների օրինականությունը։ Տիգրան Ավինյանի՝ 2024 թ․-ին տված նախագծման թույլտվության մեջ նշված է, որ ձեռնարկվելիք գործողությունը «միջին ռիսկայնության է, 3-րդ աստիճանի»։ Այս դեպքում նախագծային փաստաթղթերը պարզ փորձաքննություն են անցել։ Մինչդեռ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Կիևյան 7 շենքի բնակիչներին գրավոր հայտնել է, որ Կառավարության 2015 թ․-ի մարտի 19-ի Ն-596 որոշմամբ սահմանված է, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները հանդիսանում են բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտ (4-րդ կարգի)։ Պաշտոնյան, հղում անելով նույն որոշմանը, նշել է, որ 4-րդ կարգի ռիսկայնության օբյեկտների շինարարության  նախագծերը պետք է անցնեն համալիր փորձաքննություն։ Ենթադրվում է, որ այս հանգամանքը ևս պետք է քննարկման առարկա դառնա արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի ժամանակ։

 

Կիևյան 7 շենքի բնակիչները բողոք-դիմումներ են հասցեագրել նաև Կառավարության ենթակայությամբ գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի ղեկավարին։ Ի պատասխան այդ բողոքների, տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հայտնել է, որ Կիևյան 7 շենքում իրականացվել է տեղազննություն, իսկ կառուցապատողը ներկայացրել է շինարարության թույլտվությունը, որից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցները խախտում չեն հայտնաբերել, մինչդեռ այդ պահին արդեն իսկ կառուցապատողը նախագծի շեղումով մուտքի դուռը լայնացրած է եղել, ապօրինի տեղադրել է շերտավարագույրներ»։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները