ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի հենց փաստը շատ կարևոր է, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների զրույցը վերջապես կայացել է, սա ինքնին շատ կարևոր է»,- գրել է Մեդվեդևը VKontakte-ի իր էջում։
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։ Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորումը, իրանական միջուկային ծրագիրը, երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպում կազմակերպել։