Ուզում եմ անդրադառնալ անընդհատ չարչարկված ՊԲ-ի մարտերին, պահվածքին, դիրքին և այն ռազմաքաղաքական իրավիճակին, որը ստեղծված էր Արցախում և Արցախի շուրջ հատկապես 2023-ին։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ Աբրահամյանի՝ մեկ բան է, որ այդ մասին խոսում են ՀՀ-ում այդ ժամանակ գտնված մարդիկ, մեկ այլ բան, որ այդ մասին լռում են մարդիկ, ովքեր տեղյակ են, այդ ժամանակ մարտեր են վարել և այլն։
«Ինձ համար մտահոգիչ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը: Կամո Վարդանյանը ներկայումս գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում և իր լռությունը մտահոգիչ է։
Եթե իրականում պաշտպանության բանակը մարտ վարած չլիներ և մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա տարօրինակ է, չէ՞, այն հանգամանքը, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներն այս պահին էլ ծառայություն են շարունակում ՊՆ-ում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի արարք են արել, ինչպես են պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում։ Այսօր ՊԲ հրամկազմի մի շարք ներկայացուցիչներ վարչության պետեր են, պետերի տեղակալներ են և այլն։ Ինձ համար խնդրահարույց է ԳՇ պետի լռությունը ևս։ Էդվարդ Ասրյանը եղել է պաշտպանության բանակի շտաբի պետ, բայց այսօր հանդուրժում է ՊԲ–ի և ՊԲ զինծառայողների նկատմամբ անարգանքը:
Ես կարծել եմ, որ նրանք իրենց մեջ ուժ կգտնեն և վերջապես պատասխան կտան այն բանի համար, ինչի պատասխանատուն են եղել բավականին երկար ժամանակ։ Ես ևս մեկ անգամ հորդորում եմ այդ մարդկանց և առաջին հերթին 2023-ի սեպտեմբերի 19-ի պաշտպանության բանակի հրամատարի կարգավիճակում գտնվող անձին, հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու։
Ես որևէ ձևի, որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի ՊԲ մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը, այլ բան է, երբ դա անում է քաղաքական իշխանությունը, մեկ այլ բան է, որ իրենց լռությամբ այս ամենին օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր պաշտպանության բանակում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել։ Զգուշացնում եմ, այս թեմային հետևողական եմ լինելու»,- ասաց պատգամավորը։