Հետևեք մեզ։

Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը»․ Hetq.am

18:12, 13 փետրվար 2025
Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը»․ Hetq.am

*գամբիտ - շախմատային այնպիսի խաղասկիզբ, որի ժամանակ զոհաբերվում է զինվոր կամ որևէ այլ խաղաքար՝ ակտիվ դիրք ստանալու կամ շուտափույթ հարձակում սկսելու համար 

 

Hetq.am-ը գրում է․ «OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) լրագրողների թիմը մանրամասներ է պարզել թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի (Halil Falyalı) բազմամիլիոնանոց խաղադրույքների բիզնեսի մասին: Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանից նրա գործընկերը Վիգեն Բադալյանն է եղել, որն առցանց խաղերի և խաղադրույքների բիզնեսում հսկա «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետերերից մեկն է: 

 

Ըստ Օնալի՝ Բադալյանի ընկերությունն իրականացրել է Թուրքիայում խաղադրույքներ ընդունող բազմաթիվ կայքերի ծրագրային ապահովումը, իսկ Ֆալյալին եղել է հայ գործարարի՝ Թուրքիայում գործունեության հովանավոր-աջակիցը: 

 

Բադալյանի իրավաբանական թիմը հերքել է Օնալի պնդումները: 

 

«Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ., 100 տոկոսի բաժնետերը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited ընկերությունն էր, որի միակ բաժնետերը կրկին Մենում գրանցված Boston Nominees Limited ընկերությունն է: Soft Construct Limited-ի վերջին տարեկան հաշվետվության մեջ տնօրեններից մեկը Վիգեն Բադալյանն է: 

 

2020 թվականին «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ում 50-ական տոկոս բաժնեմասերով փայատեր են դարձել եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները: 2021 թ. ընկերությունը վերակազմակերպվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի:

 

«Սոֆթ Կոնստրակտ»-ը, բացի խաղադրույքներ ընդունելուց, առաջարկում է խաղադրույքների կայքերի և խաղերի ստեղծման ծառայություններ, խաղերի ոլորտն ավելի հեշտ կազմակերպելու համար տեխնոլոգիական նորարար լուծումներ։

 

«Սոֆթ Կոնստրակտ»-ի Vbet ապրանքանիշը Հայաստանում գիտեն գրեթե բոլորը: Վիգեն Բադալյանն իր կայքում ներկայացնում է իրենց ստեղծած բրենդները: Բայց այս բրենդը վաղուց է հատել Հայաստանի սահմանը: Vbet-ը ներկայացված է ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում բացված գրասենյակների միջոցով: Vbet-ը գովազդում են ֆուտբոլային հանդիպումներում, զանազան համերգներում, մրցույթներում:

 

Vbet.com կայքը գործունեություն է ծավալում կարիբյան Կյուրասաո կղզի-պետությունում գրանցված և այդ երկրից շահումով խաղերի լիցենզիա ստացած Radon B.V. ընկերության միջոցով (Կյուրասաոն, որն օֆշորային գոտի է, ինքնավարություն է Նիդերլանդների Թագավորության կազմում), իսկ vbet.am-ի օպերատոր-կազմակերպիչը հայկական «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է: 

 

Բադալյանները հերքում են իրենց կապը Ֆալյալիների հետ

 

Հալիլ Ֆալյալին կիպրոսցի թուրք գործարար է: 2022 թ. փետրվարի 8-ին մի խումբ զինված մարդիկ հարձակվել են նրա մեքենայի վրա։ Վարորդը՝ Մուրատ Դեմիրթաշը, սպանվել է մեքենայում, իսկ Ֆալյալին, ստանալով 16 հրազենային վիրավորում, մահացել է Նիկոսիայի հիվանդանոցում:

 

Ֆալյալին ճանաչված անձ էր, կապեր ուներ Թուրքիայի և կիպրոսցի թուրք պաշտոնյաների հետ և դրա շնորհիվ դարձել էր Թուրքիայում շահումով խաղերի պարագլուխը: 

 

ԱՄՆ-ն Ֆալյալիին և նրա եղբորը՝ Հուսնու Ֆալյալիին (Hüsnü Falyalı), 2015 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրել: Բայց Ֆալյալին այդպես էլ չի ձերբակալվել և հյուսիսային Կիպրոսում, ըստ երևույթին, որևէ լուրջ խնդիր չի ունեցել (ավելին իմանալու համար կարող եք կարդալ OCCRP-ի հետաքննությունը):  

 

OCCRP-ն զրուցել է Ջեմիլ Օնալի (Cemil Önal) հետ, որը Ֆալյալիի ֆինանսական տնօրենն էր 2013 թվականի վերջից մինչև 2021 թվականի նոյեմբեր: Ֆալյալիի սպանությունից մի քանի ամիս առաջ նա աշխատանքից դուրս է եկել: Այժմ նիդերլանդական բանտում է: 

 

Օնալը պատմել է, որ Հալիլ Ֆալյալին ու Վիգեն Բադալյանը ծանոթացել են 2016-ին: Ըստ նրա՝ Բադալյանը Թուրքիայում իր մարդկանց «չնեղելու» դիմաց Ֆալյալիին առաջարկել է այդ երկրում իր վաստակածի 30 տոկոսը: Օնալի պատմելով՝ Բադալյանի BetConstruct-ը, որը զբաղվում է Թուրքիայում խաղադրույքների և շահումով խաղերի կայքերի ստեղծմամբ ու սպասարկմամբ, ամեն ամիս ստացել է այդ կայքերի եկամտի 18 տոկոսը, որն էլ հետո 70-30 հարաբերակցությամբ բաժանել են Վիգենն ու Հալիլը: Ըստ Օնալի՝ BetConstruct-ի կայքերի թիվը Թուրքիայում 150-200 է: 

 

«Այս հայաստանցի տղան ենթակառուցվածքներ է վաճառում ամբողջ աշխարհին,- ասել է Օնալը Բադալյանի մասին,- աշխարհում մոտ 5000 կայք իր ենթակառուցվածքները ստանում է BetConstruct-ից: Ինչու Հայաստանի՞ց: Որովհետև այնտեղ աշխատուժը շատ էժան է… Այս մարդը՝ Վիգեն Բադալյանը, ոլորտի կնքահայրն է»: 

 

Պատասխանելով OCCRP-ի հարցմանը՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը նշել է, որ ո՛չ Վիգեն Բադալյանը, ո՛չ ընկերությունը որևէ բիզնես կապ չունեն և ֆինանսական գործարքներ չեն արել Հալիլ Ֆալյալիի, նրա ընտանիքի կամ փոխկապակցված անձանց հետ: «Պնդումը, թե Ֆալյալին «հովանավորչություն» է ապահովել BetConstruct-ի հաճախորդների համար, ինչի դիմաց ստացել է արտոնյալ ֆինանսական վերաբերմունք (նկատի ունեն Օնալի նշած 30 տոկոս մասնաբաժինը - հեղ.), ամբողջովին կեղծ է և անհիմն,- փոխանցել են «Սոֆթ Կոնստրակտ»-ից ու հավելել,- մենք տեղյակ չենք ֆինանսական պայմանավորվածությունների մասին Ջեմիլ Օնալի արած պնդումներից, և վիճարկում ենք դրանց ճշգրտությունը»:    

 

Օնալը նաև պատմել է, որ Վիգեն Բադալյանը Ֆալյալիի շրջապատից միայն Հալիլի, նրա եղբայր Հուսնուի ու իր հետ է շփվել հեռախոսով ու Skype-ով: Նա պնդել է, որ 2015-ին Բադալյանն ու Հուսնու Ֆալյալին միասին լուսանկարվել են Լոնդոնում կայացած, խաղային ոլորտին վերաբերող ցուցահանդեսում: 

 

Ի պատասխան՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը OCCRP-ին փոխանցել է, որ առևտրային միջոցառումները ոլորտային հանրային հավաքներ են, որոնց մասնակցում են բազմաթիվ անհատներ. «Միջոցառմանը անհատի ներկայությունն ինքնին չի ենթադրում գործնական հարաբերություններ, և ցանկացած նման ակնարկ կարող է լինել ապակողմնորոշող ու սպեկուլյատիվ: Soft Construct-ը գործնական հարաբերություններ չունի Հուսնու Ֆալյալիի հետ: Նրա հետ ուղղակի կամ անուղղակի մասնագիտական ​​առնչություններից մենք տեղյակ չենք»:   

 

Vbet-ի թուրքական «երկվորյակը»

 

2019 թվականին հիմնադրվել է vbettr.com երկլեզու (անգլերեն և թուրքերեն) կայքը: Դիզայնով սա vbet.am-ի և vbet.com-ի «երկվորյակն» է, բայց թրքախոս մարդկանց ու, թերևս, Թուրքիայի բնակչությանը թիրախավորող այս կայքի օպերատոր-կազմակերպիչը ոչ թե այդ երկրում գրանցված/լիցենզավորված ընկերություն է, այլ, ինչպես vbet.com-ի պարագայում է, Կյուրասաոյում գրանցված և դրանից շահումով խաղերի լիցենզիա ստացած կազմակերպություն է՝ IT Management Santora B.V.-ն (այս նյութի հրապարակման պահին vbettr.com-ը Թուրքիայի տարածքում անհասանելի է եղել):

 

 

 

2021 թվականին մեր հարցմանն ի պատասխան «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունից հայտնել էին, որ իրենց գործընկերներից ոչ մեկը լիցենզավորված չէ Թուրքիայում. «Այլ երկրներում լիցենզավորված ընկերություններից որոշները (IT Management Santora B.V.-ն, հավանաբար, դրանցից մեկն է - հեղ.) սպասարկում են ամբողջ աշխարհով սփռված թրքախոս բնակչությանը: Այս գործընկերներին և նրանց հաճախորդներին սպասարկելու համար Soft Construct Armenia-ում աշխատում են թրքախոս մասնագետներ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն բնակվելու և աշխատելու Հայաստանում»:

 

Այժմ vbettr.com դոմեյնի մասին ինֆորմացիայի մեծ մասը փակ է, սակայն ստեղծվելիս՝ 2019 թվականին, որպես դրա գրանցող նշվել է Վիգեն Բադալյանի անունը, իսկ էլ. հասցեն՝ [email protected]ը: 

 

«Vbettr.com-ը չի պատկանում, կառավարվում կամ շահագործվում Soft Construct-ի կամ Վիգեն Բադալյանի կողմից: Մեր տեղեկություններով՝ տվյալ կայքը չի գրանցվել [email protected] էլ. փոստի հասցեով: Մենք չունենք տվյալ, որ այս էլ. փոստն օգտագործվել է նման գրանցման համար, և տեղյակ չենք մեր համակարգերի ու այս դոմեյնի միջև որևէ կապի մասին,- OCCRP-ին հայտնել է «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը, բայց նաև ավելացրել,- եթե առկա են լիցենզավորմանը վերաբերող կարգավորման կոնկրետ բացահայտումներ կամ պաշտոնական որոշումներ թուրքական իշխանությունների կողմից, խնդրում ենք փոխանցել դրանք՝ դիտարկելու համար»:

 

Մենք ունենք ապացույց (տես վերևի նկարում) ոչ միայն այն մասին, որ 2019-ին vbettr.com կայքը գրանցողը եղել է Վիգեն Բադալյանը, այլև առ այն, որ այսօր էլ դրա IP հասցեն գտնվում է Մեն կղզում և գրանցված է Soft Construct Limited-ի անունով: 2021-ին «Սոֆթ Կոնստրակտ»-ից մեզ պատասխանել էին, որ չնայած իրենց ընկերությունը ստեղծվել է Հայաստանում, այն միջազգային ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում (խոսքը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ի մասին է) և մասնաճյուղեր ունի ավելի քան 15 երկրներում»: 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները