Հետևեք մեզ։

Թրամփի թիմը փորձում է հասկանալ` Մակունցի արածը քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն. «Հրապարակ»

09:52, 14 փետրվար 2025
Թրամփի թիմը փորձում է հասկանալ` Մակունցի արածը քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը քննարկում էր կազմակերպել՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի «տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գործում»: Միջոցառումը, որն ավելի շատ նման էր ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի մեծարման երեկոյի, վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը:

 

Մակունցը հատուկ երախտագիտություն է հայտնել Փաուերին, լավատեսություն հայտնել «շարունակական համագործակցության համար և ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու հույս հայտնել»: Վաշինգտոնի հայ համայնքից ստացված տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմը` լիազորությունները ստանձնելուց հետո, անդրադարձել է դեկտեմբերին Մակունցի կազմակերպած միջոցառմանը: Բանն այն է, որ Սամանթա Փաուերին Թրամփի թիմում համարում են թիվ մեկ թշնամի, նույնիսկ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել՝ պետական միջոցները քաղաքական նպատակներով վատնելու և Թրամփին վարկաբեկելու համար: Ընդ որում, այդ միջոցառումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփն արդեն հաղթանակել էր և բացեիբաց խոսել USAID-ի դեմ:

 

Թրամփի թիմում չեն հասկանում, թե ինչ է մտածել Լիլիթ Մակունցը Փաուերին դեսպանատուն հրավիրելով և մեծարելով, մանավանդ որ միջոցառումը վարել է Թրամփի մեկ այլ թշնամի` Ուկրաինայում և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Թրամփի թիմը փորձում է հասկանալ` արդյոք սա քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն»։



Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական