The Jerusalem Post-ում խիստ հակահայ հոդված է հրապարակվել։
Հոդվածագիր Մորդեխայ Կեդարը իսրայելական The Jerusalem Post խոշոր հրատարակության համար իր հոդվածում կոչ է անում պաշտոնական Թել Ավիվին օգնել Բաքվին Հայաստանի հետ հակամարտության պարագայում։ Նա հակադրվել է «Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից հարձակմանն աջակցելը չի բխում Իսրայելի շահերից» (26 հունվարի, 2025թ.), Դեն Փերիի և Գիլադ Շերի հոդվածին, ովքեր պնդում են, որ Իսրայելը պետք է աջակցի Հայաստանին Ադրբեջանի հետ իր հակամարտությունում կամ գոնե չեզոք դիրքորոշում պահպանի:
«Նրանք բոլորովին սխալվում են. հրեական պետությունը պետք է աջակցի Ադրբեջանին իր ցանկացած հակամարտությունում, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի հետ: Փերին և Շերը խոստովանում են, որ «Բաքվի ռեժիմը նավթ է վաճառում Իսրայելին, գնում է իսրայելական զենք և առաջարկում է առաջադեմ բազա Իրանին վերահսկելու և հակազդելու համար»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության կարևոր գործընկերն է»,-գրում է Մորդեխայ Կեդարը։
Ըստ հոդվածագրի՝ ի վերջո, դա միակ բարեկամ պետությունն է, որը սահմանակից է Իսլամական Հանրապետությանը, ինչը հնարավորություն է տալիս Իսրայելին օգտագործել այն հետախուզական նպատակների և, հնարավոր է, նաև գործողությունների համար:
«Վերջերս Ադրբեջանը ցույց տվեց, որ իր հավակնությունները տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բռնագրավում հարավային Հայաստանում՝ Սյունիքի մարզում»,- գրել են Դեն Փերին և Գիլադ Շերը։
Արձագանքելով Կեդարը գրում է, թե նրանք իրավացի են, որ այդպիսի հավակնություն կա, և հավելում է, որ Իսրայելը պետք է աջակցի «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ադրբեջանական պահանջին, քանի որ դա խզում է Իրանի և Հայաստանի միջև տարածքային կապը և բխում է Իսրայելի շահերից։ Նա հայտնում է․ «Փերին և Շերը վախենում են, որ «Թուրքիան կապելով Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ այս միջանցքը կընդլայնի թուրքական ազդեցությունը տարածաշրջանում։ Պարզապես հիշեցնենք, որ Թուրքիան արդեն զգալի ազդեցություն ունի Կենտրոնական Ասիայի և Կովկասի թուրքալեզու երկրների վրա, ինչպիսիք են Թուրքմենստանը և Ադրբեջանը, իսկ Զանգեզուրի միջանցքը Անկարային հնարավորություն կտա ստեղծել ցամաքային գիծ՝ երկաթուղի և ճանապարհներ Եվրոպայի և Չինաստանի միջև՝ անցնելով Թուրքիայի տարածքով։ Նրանք պնդում են, որ «այս միջանցքի կորուստը կկործանի նաև Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ազդանշան տալով մյուս ավտորիտար ռեժիմներին, և որ ավելի թույլ հարևանների դեմ ագրեսիան կդառնա անզուսպ»: Պետք է հիշել, որ միջանցքը վերահսկելու ադրբեջանական պահանջը հիմնված է 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի վրա»:
«Հեղինակները բոլորովին սխալվում են՝ եզրակացնելով, որ «Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Զանգեզուրի միջանցքի գրավմանն ամեն կերպ աջակցելը կանցնի վտանգավոր սահմանը։ Իսրայելը պետք է ընդդիմանա այս քայլին՝ հավասարակշռելով իր ռազմավարական դաշինքը Ադրբեջանի հետ…»,-նշում է հոդվածագիրը՝ պնդելով՝ ո՛չ, Իսրայելը պետք է հնարավորինս ընդլայնի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ այդ հարաբերություններն ամենակարևորն են, հատկապես մոտ ապագայում, երբ Իրանը կարող է անցնել միջուկային ռումբի իր ճանապարհի շեմը։ Ադրբեջանի ռազմավարական դիրքը և Իսրայելի անվտանգության համար նրա հատուկ նշանակությունը հրեական պետությանը պարտադրում է նման դաշնակցի հետ աջակցության հստակ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը։
«Բարեկամությունը փորձության է ենթարկվում անհրաժեշտության ժամանակ, և եթե Ադրբեջանին անհրաժեշտ է Իսրայելի աջակցությունը, ապա այն պետք է տրվի մեծահոգաբար և վճռականորեն։ Ընկերների նկատմամբ հավատարմությունը միջազգային ասպարեզում ցանկացած պետության կարգավիճակի կարևոր բաղադրիչն է»,-եզրափակում է հոդվածը: