Հետևեք մեզ։

Պատրաստ եմ եվրատեսիլյան բեմում կրկնակի էներգիա փոխանցել. Պարգ

23:33, 16 փետրվար 2025
Պատրաստ եմ եվրատեսիլյան բեմում կրկնակի էներգիա փոխանցել. Պարգ

«Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Պարգը (Պարգև Վարդանյան) խոստանում է մրցույթին ներկայանալ մեծ պատասխանատվությամբ և կրկնակի էներգիա փոխանցել հանդիսատեսին ու հեռուստադիտողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի համերգային ծրագրի արդյունքների ամփոփումից հետո, Պարգն ասաց, որ աշխատել է տաղանդավոր թիմի հետ, ինչի արդյունքում ծնվել է եվրատեսիլյան Survivor երգը:

«Շատ տարբեր զգացողություններ ունեմ, ուրախ եմ ու շնորհակալ բոլորին, ովքեր քվերակել են իմ օգտին, շնորհակալ եմ իմ ընկերներին, կնոջս, թիմիս: Եթե նրանք չլինեին, ես չէի կարողանա փոխանցել այդ էներգիան:  Իրականում աշխատասեր եմ, պատրաստ եմ զարգացնել ելույթս ու եվրատեսիլյան բեմում կրկնակի էներգիա փոխանցել»,-ասաց նա:

Պարգի համար նախագծում հաղթանակն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ զգացել է երկրպագուների, տարբեր մարդկանց աջակցությունը, լավ խոսքեր լսել թե՛ իր, թե՛ երգի մասին, սակայն «Դեպի Եվրատեսիլ»-ի համերգին ելույթ ունենալիս չի մտածել  հաղթանակի մասին, միայն ցանկացել է լավ հանդես գալ և դրական էներգիա փոխանցել:

«Ունեմ երգ, որ կոչվում է  «Առաջ»: Խորհուրդը այն է, որ պետք է հետ չնայել, քայլել առաջ: Survivor-ն ասես այդ երգի շարունակությունն է: Հորդորում է չհանձնվել, գնալ առաջ ու չկորցնել լույսը: Ոգեշնչվել եմ տարբեր երգիչներից, երաժշտությունից, ու ստացել ենք երգը, որ կա»,-նշեց Պարգը:

«Դեպի Եվրատեսիլ»-ի համերգն ուղիղ հեռարձակեց Հանրային հեռուստաընկերությունը: Հաղթողն ընտրվեց ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: 

Բացի Պարգից «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում էին Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյան, Արսեն Գրիգորյան և Կամիլ նախագիծը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Պարգը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը,  ALTSIGHT-ը:

«Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։ 

«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում: 

«Եվրատեսիլ»-ը մի քանի անգամ անցկացվել է Շվեյցարիայում։ Առաջին անգամ Շվեյցարիան մրցույթը հյուրընկալել է 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

 

Վերլուծական