Հետևեք մեզ։

Վերջին 4 տարիներին հայրենադարձության տեմպերը բավական ակտիվացել են. Ալեքսանյան

13:11, 17 փետրվար 2025
Վերջին 4 տարիներին հայրենադարձության տեմպերը բավական ակտիվացել են. Ալեքսանյան

Վերջին 4 տարիներին հայրենադարձության տեմպերը բավական ակտիվացել են։ 

«Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ եթե 2020 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում էր 7-8 հազար քաղաքացի, ապա վերջին շրջանում այդ ցուցանիշը 20 հազարից ավելի է։  

«Այսինքն՝ 3-4 անգամ ավելի շատ մարդ է դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նրանց թվում կան մարդիկ, որոնք առաջին անգամ են ստանում ՀՀ քաղաքացիություն, կան նաև մարդիկ, որոնք նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, ինչ-որ փուլում հրաժարվել են ու հիմա կրկին դիմում են քաղաքացիություն ստանալու համար։ Մեծ թիվ են կազմում երկքաղաքացիություն ունեցողները։ Ասեմ, որ հայրենադարձության տեմպերի ակտիվացումը պայմանավորված է տարբեր գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական զարգացումներով»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը։  

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, տարբեր տարածաշրջաններում թեժ իրավիճակը՝ ստացվում է, որ ավելի շատ Հայաստան տեղափոխվելու համար դիմում են հենց այդ հատվածների մեր հայրենակիցները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայրենադարձության հարցերով հետաքրքրված ու ինտեգրման ծրագրերով անցած քաղաքացիները 40 երկրից են։ Այսօր առաջին տեղում Ռուսաստանն է, իսկ նախկինում՝ Մերձավոր Արևելքի երկրներն էին։ 

«Կառանձնացնեմ ընդհանրապես հետխորհրդային երկրները, որտեղից մեր հայրենակիցների կողմից հայրենադարձության հարցերով մեծ հետաքրքրվածություն կա։ Այդ համատեքստում կնշեմ նաև եվրոպական, ամերիկյան երկրները։ Ավստրալիան կուզեմ ընդգծել, որտեղից հայրենադարձության ակտիվ գործընթաց կա։ Ասեմ, որ հայրենադարձներ ունենք Մակեդոնիայից, Սերբիայից, ասիական որոշ երկրներից»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը։  

Հայրենադարձության ինտեգրման կենտրոնը մի շարք ուղղություններով ակտիվ ծրագրեր է իրականացնում՝ ներգրավելով հայրենադարձներին։ 2024 թվականին Հայրենադարձության ինտեգրման կենտրոն աջակցության ու խորհրդատվության համար դիմել է 2800 մարդ։ Իրականացվող տարբեր ծրագրերին, միջոցառումներին մասնակցել է 980 մարդ։ Կենտրոնի կողմից իրականցվում է  ամենօրյա խորհրդատվություն, անցկացվում են դասընթացներ բիզնեսի հիմնման, աշխատանքի տեղավորման, լրացուցիչ կրթություն ստանալու ու վերապատրաստվելու հարցերում աջակցելու համար։ Անցկացվում են հայոց լեզվի անվճար դասեր, տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող դասընթացներ։ 

Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ Հայաստան հայրենադարձված մեր հայրենակիցները ներգրավված են ամենատարբեր ոլորտներում՝ ծառայություններ, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն, նախագծում, ֆինանսներ, կրթություն և այլն։   

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները