Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ապացուցել է իր կենսունակությունը։ Երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանը օգնություն խնդրեց, մենք արդյունավետ աշխատեցինք։ Եվ հենց Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրավիճակը վերահսկվում է, ՀԱՊԿ-ն օպերատիվ կերպով ավարտեց իր գործունեությունը։ Այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել Հայաստանին. անցյալ տարվա աշնանը ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն հայկական կողմի խնդրանքի։
Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։
Վերջին պահին, արդեն բուն գագաթնաժողովում, մեր հայ գործընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի իրականացվում: Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված է, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար։