Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը զգուշացնում է եկեղեցական դարավոր գույքը բռնագրավելու և աճուրդի հանելու քաղաքապետարանի փորձի մասին և կոչ է անում կառավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հրատապ հայտարարություն է տարածել՝ կապված Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից իր պատմական անշարժ գույքի նկատմամբ բռնագանձման գործընթացի հետ կապված։ Պատրիարքարանը նախազգուշացնում է, որ բռնագրավումը կարող է հանգեցնել այն ունեցվածքի կորստի, որը դարեր շարունակ գտնվել է իր խնամակալության տակ, հայտնում է «Զարթոնք Մեդիան»:
Համաձայն հաղորդագրության՝ Պատրիարքարանը վարչական միջնորդություն է ներկայացրել (ATM 1470-02-24)՝ դադարեցնելու գործընթացը, որը բխում է 1994 թվականից իբր գոյացած Արնոնայի (քաղաքային հարկի) վիճելի պարտքերից։
Պատրիարքարանը նշում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանի հավաքագրման պատասխանատուն միակողմանիորեն որոշել է «աստղագիտական պարտք»՝ առանց դատական վերանայման, պատշաճ ծանուցման կամ վաղեմության ժամկետը հաշվի առնելու։ Ավելին, ենթադրյալ պարտքը ներառում է քաղաքապետարանին ներկայումս վարձակալված գույքը:
Հավաքագրման պատասխանատուն հրաժարվել է վերագնահատել պարտքի վավերականությունը՝ պնդելով, որ առարկությունների վերջնաժամկետն անցել է, չնայած Պատրիարքարանի պնդմանը, որ երբեք պատշաճ կերպով չեն ծանուցվել անհրաժեշտ ժամկետում:
Բռնագանձման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է միջնորդության ներկայացմամբ։ Պատրիարքարանը, սակայն, զգուշացնում է, որ եթե դատարանը մերժի իր միջնորդությունը, քաղաքապետարանը կվերսկսի իր ունեցվածքի կալանքը և վիճելի պարտքը վերականգնելու համար դրանք աճուրդի կհանի։ Պատրիարքարանը սա նկարագրում է որպես վտանգավոր իրավական նախադեպ, որը կարող է տարածվել Իսրայելի այլ քրիստոնեական հաստատությունների վրա՝ սպառնալով Սուրբ Երկրում քրիստոնեական ընդհանուր ներկայությանը:
Բացի այդ, կոմյունիկեն ընդգծում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը պատրիարքարանին պարտք է միլիոնավոր չվճարված վարձակալության վճարներ, սակայն Պատրիարքարանը նախընտրել է բանակցությունները, այլ ոչ թե իրավական գործողությունները: Նշվում է, որ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստեղծել է կառավարական կոմիտե՝ բանակցությունների միջոցով Արնոնայի վեճերը լուծելու համար, որոնք ազդում են քրիստոնեական հաստատությունների վրա:
Պատրիարքարանը դատապարտում է քաղաքապետարանի որոշումը և կոչ է անում վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կոմիտեի ղեկավար Ցաչի Հանեգբիին անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից ձեռնարկված բոլոր գործողությունները և վերսկսել բանակցությունները 2018 թվականի կառավարական կոմիտեի շրջանակներում։