Ուկրաինային անվտանգության կոնկրետ երաշխիքներ են պետք։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե Պուտինը ցանկանում է վերադառնալ պատերազմի, ապա բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են կանգնեցնել նրան: Պետք է լինի մեկը, ով կարող է մեզ անվտանգության իրական և կոնկրետ երաշխիքներ տալ, ոչ թե պարզապես խոսքեր։ Մենք պատրաստ ենք նման երկխոսության։ Մենք գիտենք, թե ինչ է դիվանագիտությունը. Իհարկե, ես այնքան էլ չեմ սիրում Պուտինի հետ խոսել։ Մենք թշնամիներ ենք, և մեր թշնամությունը շարունակվում է, բայց մենք ամեն ինչ անելու ենք այս պատերազմին վերջ տալու համար։ Ամեն ինչ պետք է արվի գործընկերների միջև բաց հաղորդակցությամբ։ Մենք չենք կարող շախմատ խաղալ։ Որովհետև շախմատում ձեր յուրաքանչյուր քայլը երբեմն հանգեցնում է տասնյակ, երբեմն հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր մարդկանց մահվան»,- ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է նաև Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները. «Ուզեմ, թե չուզեմ, սա նրանց երկկողմ համագործակցությունն է, և դա ԱՄՆ-ի սեփական որոշումն է։ Կամ, իհարկե, նկատում ենք, որ Պուտինին դուրս են բերում քաղաքական մեկուսացումից, բայց կրկնում եմ՝ դա իրենց որոշումն է։ Բայց երբ ասվում է՝ «Սրանք են պատերազմի ավարտի մեր ծրագրերը», դա մեզ մոտ հարցեր է առաջացնում։ Որտե՞ղ ենք մենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ Պուտինը սպանում է ուկրաինացիներին, ոչ թե ամերիկացիներին կամ եվրոպացիներին։ Դրա համար մենք հստակ հայտարարում ենք, որ դուք կարող եք քննարկել այն, ինչ ուզում եք, բայց մենք դա չենք ընդունի, եթե առանց մեզ քննարկեք Ուկրաինան։ Կարծում եմ, որ դա բավականին արդարացի է»։