«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ահազանգում է.
«ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կոպտորեն ոտնահարելով արդարադատության տարրական նորմերը, հետին թվով էական բովանդակային փոփոխության է ենթարկել թիվ ԵԴ/45878/02/21 քաղաքացիական գործով 2024-ի հոկտեմբերի 7-ին իր իսկ ընդունած դատական ակտը: 2025-ի փետրվարի 14–ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզվել է, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024-ի նոյեմբերի 15-ին կայացրել է «Վրիպակն ուղղելու մասին» վերտառությամբ որոշում, որը չի առաքվել դատավարության կողմերին և, որով հիմնովին փոխվել է նույն դատարանի կողմից հոկտեմբերի 7-ին ընդունված դատական ակտի էությունը։ Ընդ որում՝ «Վրիպակի ուղղում»-ն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նույն դատարանի «ուղղվող» որոշումն (առանց վրիպակի) շուրջ 2.5 ամիս առաջ բողոքարկված էր Վճռաբեկ դատարանում։
ՔԻՊ-ը ողջամիտ կասկածներ ունի, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը հետին ամսաթվով էապես փոխելու գործողությունը թելադրվել է Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսու՝ ՔԻՊ-ը ԲԴԽ-ին, Արդարադատության նախարարությանը և Դատավորների էթիկայի հանձնաժողովին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, գործընթացը իրավական կոլապսից դուրս բերելու, դատական իշխանության հեղինակությունը խայտառակությունից զերծ պահելու ուղղությամբ»։