Հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալով հնարավոր է կանխել հնարավոր պատերազմը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթին չվերադառնալու դեպքում Ադրբեջանը կարող է զինված ճանապարհով վերցնել միջանցքը:
«Հայաստանը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության մաս և տեսել ենք՝ ինչ է տեղի ունեցել ԼՂ-ում: Ո՞րն է դրա արգումենտը, չեմ հասկանում՝ ինչպե՞ս են կարողանում մարդիկ այդպիսի փաստարկ բերել, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը բացի այդ կետից ևս 8 հոդված ունի, որոնց հետ տեսել ենք՝ ինչեր են տեղի ունեցել: Կարող է վերադառնանք և նույն ճանապարհը կրկնվի, որը եղել է այն 8-ի հետ կապված»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին՝ իսկ ինչու Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչում այդ հայտարարությունից, նա պատասխանել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված որեւէ այլ հոդված գոյություն չունի և սա է դե ֆակտո իրականությունը»: