ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին գտնվում է 505 ազատազրկված: Տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել այս հիմնարկի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: Ամենաթարմը թերևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրներն էին, որոնց շտկմանն ուղղված աշխատանքներին էր տեղում ծանոթանում նախարարը: Կոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է: Քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում է դիտարկման արդյունքներով արձանագրվածի շտկումը, սակայն հիմնարկի շենքային պայմանները շատ դեպքերում պարզապես հնարավորություն չեն տալիս խնդիրների հիմնովին վերացմանը: Ուստի այդ պայմաններում հնարավոր է միայն դրվագային լուծումներ տալ առկա մտահոգիչ արձանագրումներին: Նկատենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին: ՀՀ արդարադատության նախարարը տեղում արձանագրել է բազում հարցեր, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ:
Հիշեցնենք, որ ՄԻՊ ներկայացուցիչներն անդրադարձել էին նաև ազատազրկվածների առողջապահությանը վերաբերող հարցերին: Բուժօգնության խնդիրներին տեղում ծանոթացել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լևոն Հակոբյանն ու նախարարության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները:
ՀՀ արդարադատության նախարարն այցելել է նաև «Վարդաշեն» ՔԿՀ: Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, շրջայց է կատարել կալանավորված անձանց պահման վայրում, քննչական գործողություններ կատարելու, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներում, զբոսահրապարակում։ Բնակելի գոտում Սրբուհի Գալյանը զրուցել է դատապարտյալների հետ։ Նախարարի հետ զրույցում օտարերկրացի դատապարտյալները բարձրացրել են արտահանձնման հետ կապված հարցեր։



