Հետևեք մեզ։

Ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն իր իշխանամետ կայքերի վրա իրականացված կիբերհարձակման համար մեղադրում Երևանին, եթե դրանցում տեղադրվել էին իսլամիստներին առնչվող լուսանկարներ

15:43, 21 փետրվար 2025
Ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն իր իշխանամետ կայքերի վրա իրականացված կիբերհարձակման համար մեղադրում Երևանին, եթե դրանցում տեղադրվել էին իսլամիստներին առնչվող լուսանկարներ

Ադրբեջանի կապի և տեղեկատվական անվտանգության հատուկ ծառայությունը հայտարարել է, որ երեկ տեղեկատվական ռեսուրսների վրա ֆիշինգային կիբերհարձակում է կազմակերպվել։ Պաշտոնական Բաքուն պնդում է, թե այն կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի տարածքից՝ պետական ​​կառույցների կողմից։

 

Այս տեղեկատվության ֆոնին հարկ ենք համարում նշել, որ երեկ որոշ ադրբեջանական հատկապես իշխանական կայքերի վրա հարձակում էր եղել, որտեղ տեղադրվել էին իսլամական կազմակերպությունների լուսանկարներ։

 

Հարկ ենք համարում նշել, որ տարբեր ժամանակներում իրականացված նմանատիպ հարձակումների ժամանակ տեղադրվում էին Արցախին առնչվող լուսանկարներ և գրառումներ, որոնք կարող էին ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմին թույլ տալ մտածել, որ հարձակումն իրականացվել է հակառակորդ կողմից։

 

Թե ինչու է ադրբեջանական կողմը այս անգամ որոշել այս հարձակումը բարդել հայկական կողմի վրա, դժվար չէ ենթադրել. պարբերաբար հայկական կողմին ապակառուցողականության և ռևանշիզմի մեջ մեղադրելու, ԵՄ դիտորդների տեղաշարժերը այլ ֆոնի տակ ներկայացնելու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պահման պայմանների, առողջական վիճակի վերաբերյալ հայկական մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությանը պատասխանելու համար հենց ղեկավարների շուրթերով «մեզ լավ են վերաբերվում, պահման պայմանները լավ են» ասելու հետ մեկտեղ սա ևս մի քայլ է՝ ցուցադրելու սեփական ապակառուցողականությունն ու խաղաղության հաստատման ցանկության բացակայությունը։

 

Եվ սա այն դեպքում, երբ հայկական կողմը հերթով համաձայնեցնում է խաղաղության պայմանագրի կետերը՝ տեսականորեն հօգուտ Ադրբեջանի. քիչ առաջ ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ չհամաձայնեցված 2 հոդվածների մեկը վերաբերում է ՀՀ սահմանադրությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Մեղրիի թեման օրակարգ նետելուց շատ չանցած՝ իշխող ուժը հայտարարեց՝ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք, տեքստը պատրաստ կլինի մինչև 2026 թվականը։

 

 

Վերլուծական