Հետևեք մեզ։

Համայնքային ոստիկանները կատարելագործում են գիտելիքները գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ

17:53, 21 փետրվար 2025
Համայնքային ոստիկանները կատարելագործում են գիտելիքները գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ

Համայնքային ոստիկանները ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջնագծում են՝ ստանձնելով թե՛ զոհերի պաշտպանության, թե՛ բռնության կանխարգելման կարևոր գործը։

Ինչպե՞ս արձագանքել դեպքերին, ինչպե՞ս ապահովել զոհերի անվտանգությունն ու հարաբերվել բռնություն գործադրող անձանց հետ։ Այս և այլ կարևոր հարցեր են քննարկել համայնքային ոստիկանները Գենդերային արդարադատության ակադեմիայի դասընթացների ժամանակ։

«Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանի խոսքով՝ մեկնարկել է գենդերային արդարադատության ակադեմիան, որը շատ կարևոր նախաձեռնություն է ՀՀ-ում՝ լինելով առաջին ընդգրկուն և համապարփակ ծրագիրը։ Նա ընդգծել է, որ վերապատրաստվելու են թե՛ ոստիկանները, թե՛ Դատախազության ներկայացուցիչները, թե՛ դատավորները։

Դասընթացի շրջանակում համայնքային ոստիկանները կբարելավեն մասնագիտական կարողությունները գենդերային բռնության ու ընտանեկան բռնության դեպքերի կառավարման ոլորտում, ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ դրանց կանխարգելման ու արձագանքման ուղղությամբ։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը նշել է, որ ծրագրի ընթացքում հնարավորություն կունենան լսելու կարծիքներ, կիսվելու լավագույն մեթոդներով և միասին մշակելու նոր մոտեցումներ, որոնք կօգնեն կանխել բռնությունը և ճիշտ արձագանքել դեպքերին։

Համայնքային ոստիկանն առաջինն է արձագանքում ընտանեկան բռնության դեպքին՝ անմիջականորեն առնչվելով զոհի հետ և ապահովելով նրա պաշտպանությունը։ Նման իրավիճակներում արձագանքման կարողությունները զարգացնելու համար ՆԳ նախարարությունը առաջնահերթություն է համարում ծառայողների շարունակական վերապատրաստումները։

Ըստ ավագ դասընթացավար Ռոբերտս Ջերարդուս Ռամելուի՝
դասընթացը նպատակ ունի աջակցելու ոստիկաններին՝ արդյունավետ աշխատելու թե՛ զոհերի, թե՛ բռնություն գործադրած անձանց հետ։ «Զոհերն ապրում են մշտական սթրեսի պայմաններում, և այդ իրականության խորքային ըմբռնումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աջակցել նրանց։ Բռնության հետևանքների գիտակցումը նաև կօգնի ոստիկանին` հաղթահարել այն զգացմունքային մարտահրավերները, որոնք առաջանում են նման իրավիճակներում»,- նշել է նա։

Դասընթացի մասնակիցները ոչ միայն կիսվում են փորձով, այլև ծանոթանում դեպքերին արձագանքելու արդյունավետ մեթոդներին ու ընթացակարգերին։

ՀՈԳՎ Արմավիրի բաժնի պետի տեղակալ Նարեկ Ավետիսյանը կարևորել է նմանատիպ դասընթացները, որոնք օգնում են ավելի խորացնել մասնագիտական գիտելիքները և արդյունավետ ծառայություն իրականացնել։

Դասընթացը հնարավորություն է` կատարելագործել գիտելիքները իրավական բնագավառում, սովորել սթրեսային իրավիճակներում պահպանել հոգեբանական կայունությունը և արդյունավետ հաղորդակցվել զոհերի ու բռնություն գործադրողների հետ։

ՀՈԳՎ Մեթոդական օգնության վարչության պետ Էդգար Պետրոսյանը նշել է՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ վերապատրաստմանը մասնակցում են Համայնքային ոստիկանության բոլոր ղեկավար ծառայողները։ «Ղեկավարների վերապատրաստումը հնարավորություն կտա ձեռքբերված գիտելիքները փոխանցել ենթականերին, ինչը կնպաստի դեպքերի նախականխման և արձագանքման արդյունավետ գործիքակազմի իրագործմանը»,-ընդգծել է նա։

Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի կողմից` Նիդերլանդների Թագավորության ֆինանսավորմամբ և Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ:

Վերլուծական