Հետևեք մեզ։

Մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն. նախագիծ

11:17, 22 փետրվար 2025
Մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն. նախագիծ

Իրավական առավել խիստ և ստանդարտացված կարգավորումներ պարգևատրական զենքերի մասով. ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն. նախագիծը դրված է քննարկման:

 

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։

 

Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման աշխատանքները, ինչպես նաև մոնիթորինգի ենթարկել օրենսդրական դաշտը՝ ստանդարտի բերելով առկա կարգավորումները։

 

Ըստ այդմ՝ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ անդրադառնալով պարգևատրական զենքերին։ 

Նախագիծն ունի հետևյալ նպատակները․

. պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը ստանդարտիզացնել՝ բացառելով երկակի մոտեցումների կիրառումը, վերացնել պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող իրավիճակները.

 

. ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ.

 

.Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։

 

Ըստ այդմ՝ նախագծով նախատեսվում է.

.պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը՝ պարգևատրական զենքերը Ոստիկանություն ներկայացնելու համար: Սահմանված ժամկետում պարգևատրական զենքերը Ոստիկանություն ներկայացնելը չի առաջացնի որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ քրեաիրավական հետևանքներ։

 

. Պարգևատրական զենքերը թողնել այն անձանց մոտ, որոնք կբավարարեն նախատեսված չափանիշներին:

 

.Պարգևատրման ինստիտուտում պահպանել գործող օրենքում առկա՝ ստանդարտ ունեցող միակ եղանակը, այն է՝ օրենքով սահմանված չափորոշիչների բավարարման դեպքում ՀՀ Վարչապետի կողմից պարգևատրումը:

 

.Ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի Ոստիկանություն ներկայացված, Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգևատրական զենքերն օգտագործվեն նաև գիտակրթական կամ մշակութային (թանգարանային ցուցադրության) նպատակներով։

 

Նախագծի հիմքում հանրության անվտանգության ապահովման և հանրային շահի գերակայության ՆԳՆ հանձնառությունն է։

 

Նախագիծը հանրային քննարկման համար հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8341/

Վերլուծական