Ռուսաստանը Վաշինգտոնում նոր դեսպանի համար ագրեման դեռ չի ստացել։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Դեռ ոչ»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ողջունում է Մոսկվայի ներկայացրած թեկնածությունը Վաշինգտոնում ՌԴ դեսպանի պաշտոնում։
«Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն, Կանադայում նախկին դեսպան Ալեքսանդր Դարչիևը ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ամենահավանական թեկնածուն է։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով թերթի հրապարակումը, նշել է, որ Մոսկվան վաղուց է որոշել ԱՄՆ-ում ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը, սակայն չի մեկնաբանի գործընթացը «օրենսդրական սահմանափակումների առկայության պատճառով»։
Դեկտեմբերի կեսերին Ռյաբկովը հայտնել էր, որ ռուսական կողմը Վաշինգտոնում նոր դեսպանին ագրեման հարցում ուղարկել է ԱՄՆ-ին։