Վերջին շաբաթները պատմական էին, Վաշինգտոնն աշխատում է մի շարք ուղղություններով, բանակցում Ռուսաստանի, Ուկրաինայի հետ՝ փորձելով հաղթահարել ստեղծված սարսափելի իրավիճակը՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը ասուլիսի ժամանակ:
«Հազարավոր զինվորներ են զոհվում: Դա վատ է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի համար, վատ է մեզ համար՝ մարդասիրական տեսանկյունից։ Պուտինի հետ շատ լավ, իսկ Ուկրաինայի հետ ոչ այնքան լավ բանակցություններ եմ ունեցել։ Ուկրաինան խաղաթղթեր չունի, բայց կոշտ է խաղում: Սակայն մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ դա շարունակվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա կարծիք է հայտնել, որ իր օրոք ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ ավելի լուրջ առաջընթաց է գրանցվել, քան վերջին 3 տարում: Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ փետրվարի 25-ին Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը։
Լրագրողը հարց է հղել ԱՄՆ նախագահին՝ «Դուք Զելենսկուն բռնապետ եք անվանել։ Պուտինն է՞լ է բռնապետ»։ Թրամփը խուսափողական պատասխան է տվել։
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինն ու նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն: Մենք ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մարդկանց սպանությունը»,- նշել է Թրամփը։