Պետք է հնարավորինս արագացնել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ մետրոյի կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պետք է ուղարկեն համալիր փորձաքննության և որ այն Ավինյանի մոտ է՝ ստորագրման համար․
«Ձեր ստորագրմանն է տրված վերանայված հանրային ներդրումային ծրագիրը կառավարության կողմից վերջնական հաստատման և ֆինանսավորման բանակցությունները մեկնարկելու համար»։
Տիգրան Ավինյանը նշեց, որ վճարման խնդիր կա․ «Պետք է արագացնել, վճարման խնդիր ունենք․ տևական ժամանակ է աշխատանքներն ընդունել ենք, բայց դեռ ամբողջ ծավալով մեր վճարումները չենք կատարել»։
Լևոն Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար արդեն մրցույթ կհայտարարվի։