Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ էր պատրաստել Արցախից բռնի տեղահանված երաժիշտ Կարեն Նասիբյանի մասին։ Ռեպորտաժում ներկայացվում էր, որ Նասիբյանն ապրում է ծայրաստիճան բարդ պայմաններում, օրվա մեջ ուտում է միայն հաց և պանիր, սրճեփի մեջ սառնամանիքին դրսում խաշած ձու։
Ռեպորտաժը լայն տարածում էր գտել, Կարեն Նասիբյանին արդեն աշխատանք է առաջարկել «Հայորդին»։
«Շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։
«Հայորդի»-ի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։
«Հայորդի»-ի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագակցող, իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։
«Հայորդի»-ի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։
Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները»,- ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ Կարեն Նասիբյանը Արցախի օրհներգի բառերի հեղինակ, երգահան Արմեն Նասիբյանի որդին է։