Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին շփումների մասին, հայտնում է Կրեմլը։
ՉԺՀ-ի ղեկավարը աջակցություն է հայտնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սկսված երկխոսությանը և իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։
Պուտինն ու Սի Ծինփինը, մասնավորապես, ընդգծել են, որ «ռուս-չինական արտաքին քաղաքական կապը համաշխարհային գործերում կայունացնող ամենակարևոր գործոնն է և ենթակա չէ արտաքին ազդեցության»։
Իր հերթին, ինչպես հաղորդում է «Սինհուա»-ն, Սի Ծինփինը Պուտինին ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը լավ բարեկամներ են, որոնք աջակցում են միմյանց և հասնում ընդհանուր զարգացման։
Նրա խոսքով, երկու երկրների հարաբերություններն ունեն ներքին հզոր շարժիչ ուժ և եզակի ռազմավարական արժեք։