Հետևեք մեզ։

Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը. Փաշինյան

19:13, 26 փետրվար 2025
Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը. Փաշինյան

Ինչ երաշխիք կա, որ «Խաղաղության պայմանագրի»՝ Ադրբեջանի համար ցանկալի լուծումը ցանկալի կլինի նաև Հայաստանի համար, և արդյո՞ք այդ առաջարկներում կա Սահմանադրության փոփոխության հետ կապված ակնարկ, միջանցքի տրամաբանությամբ առաջարկ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս հարցին, ի պատասխան դիտարկման, թե՝ նույնն ասում էր նաև ԼՂ խնդրի լուծման դեպքում, նշեց․

 

«Այն ժամանակ, երբ ասում էի՝ լուծում պետք է լինի, որն ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի համար, ես տեսական թեզ էի առաջ քաշում, որը գործնականացման կարիք ուներ, դրա գործնական բանաձևը չգտնվեց։ Այս դեպքում որն է տարբերությունը՝ այն, որ գործնական ձևը գտնվել է»։

 

Անդրադառնալով Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածներին՝ վարչապետը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, վիճաբանություններին և այլն։

 

«Խաղաղության պայմանագրի նախագծում ձեր նշած հարցերի վերաբերյալ անդրադարձ չկա»,- ասաց նա։

 

Հարցին՝ ընդունե՞լ է Ադրբեջանը այն առաջարկները, որ Հայաստանն արել էր Խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերի շուրջ, այս պահին շանս կա՞ այն ստորագրելու, վարչապետն արձագանքեց․

 

«Չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը․ քանի դեռ գնում է քննարկումը, այսինքն՝ քանի դեռ համաձայնեցված չեն, ուրեմն համաձայնեցված չեն։ Կան շերտեր, նյուանսներ, այս դեպքում ասել՝ մերժել է, չի մերժել, ընդունել է, չի ընդունել, մի քիչ հարաբերական է»։

 

Վարչապետից հետաքրքրվեցին՝ սահմանազատված հատվածներից դիտորդներին հանելու առաջարկն Ադրբեջանի համար ընդունելի՞ է։

 

«Այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն»,- ասաց նա։

 

Իրավական վեճերի բացառման մասով հնչած առաջարկներին ադրբեջանական արձագանքի մասին հարցին վարչապետը պատասխանեց․

 

«Ես ասում եմ՝ վիճակագրությունը չի փոխվել, կա 17 հոդված, 15 համաձայնեցված է, երկուսը՝ ոչ․ երկուսը չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող են ունենալ, շարունակում են մնալ չհամաձայնեցված, հետևաբար իրենց վրա աշխատանքը պետք է տարվի»։

 

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին՝ ամեն դեպքում շաունակո՞ւմ է սպասել ապաշրջափակման շուրջ Բաքվից արձագանքի, քանի որ ԱԳՆ մակարդակով հայտարարեցին, որ դրանք գործնական նշանակություն չունեն, հետևաբար սա արդյոք մերժում չէ։

 

«Մենք մեր պաշտոնական առաջարկին պաշտոնական պատասխան չենք ստացել, նույն ադրբեջանական փորձագիտական և քաղաքական դաշտում այլ կարծիքներ էլ են հնչել, որ առաջարկը, որ հնչել է Հայաստանի կողմից, պետք է ընդունել, և դա լավ լուծում է, չեմ ուզում մտնել շերտերի մեջ, բայց արձանագրում եմ, որ պաշտոնական առաջարկին պաշտոնական պատասխան չենք ստացել, երբ ստանանք, դրանից հետո, ըստ ամենայնի, մենք ավելի կբացենք մեր առաջարկների էությունը՝ երկու պատճառով․ եթե Ադրբեջանն ընդունի, դա նշանակում է՝ արդեն համաձայնեցված է, կարող ենք ավելի բաց ներկայացնել, եթե մերժված է, մերժման բերումով ավելի բաց կարող ենք ներկայացնել, բայց հույս ունեմ, որ այդ լուծումը կընդունվի․ դա առաջարկ չէ, հարցի լուծում է»,- ասաց նա։

 

Վարչապետը նշեց՝ խնդիր է դրվում, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, դրա լուծումներն են առաջարկել, որոնք հասցեագրում են այն բոլոր պրոբլեմները, որ եղել են 2021-ից ի վեր՝ բանակցությունների ընթացքում։

 

«Բարձրացված ինչ պրոբլեմներ կան, առնվազն այս բանաձևը այդ պրոբլեմը հասցեագրում է առաջին փուլում»,- ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները