Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք։
Ռազմական կցորդի նստավայրը լինելու է Նյու Դելիում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հնդկական կողմի ռազմարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:
Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ։