Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված հարցերից մեկով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում և ֆինանսավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Նախագիծը չզեկուցվող է և ներկայացված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից։
Նախագծի հիմնավորման մեջ ընդամենը նշված է, թե որն է լինելու այս նախագծից ակնկալվող արդյունքը, այն է՝ իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունը և սպասարկումը։