ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցման, մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը»։
Հարցը եղել է հետևյալը.
«Բաքվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթանում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանը որոշել է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի դատական ֆարսի դեմ՝ ի պատասխան միջազգային և ադրբեջանական դատավարական իրավունքի կոպիտ խախտումների։ Հաշվի առնելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի երկարամյա միջնորդությունը, ռուսաստանցի խաղաղապահների համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ, կարո՞ղ է Մոսկվան օգնել ազատել այս մարդկանց, որոնց տարրական իրավունքներն այժմ կոպտորեն խախտվում են, իսկ Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց առաջադրված մեղադրանքներն անուղղակիորեն դիպչում են նաև Ռուսաստանին»։
«Նախորդ ճեպազրույցներում մենք մեկնաբանել ենք այս թեման։ Նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։
Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Մեր հերթին, հաստատում ենք մեր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտությանը, ինչպիսիք են փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորների փոխանակումը:
Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում։