Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտ մարտի 3-ին տեղի է ունեցել ակցիա, որի նպատակն էր պահանջ ներկայացնել ԿԽՄԿ-ին՝ անհապաղ այցելել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող, վերջին 14 օրը հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին, ում կյանքին վտանգ է սպառնում: «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունից հայտնում են, որ ակցիայի մասնակիցները բաց նամակ են փոխանցել ԿԽՄԿ Նախագահ Միրյանա Սպոյլարիչ Էգերին:
37 կազմակերպությունների կողմից հասցեագրված նամակն անբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ կապված Բաքվի բանտում պահվող և ավելի քան երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական շարժառիթներով ապօրինի կերպով դատվող այլ հայ գերիների իրավիճակի հետ։
Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության՝ փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը վատթարացել է։ Սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Ավելին, լայնորեն տարածված լուսանկարներում նրա դեմքին տեսանելի են վնասվածքներ և բացահայտ խոշտանգումների հետքեր։ Հաշվի առնելով, որ նա քաղաքական շարժառիթներով ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նույնքան մտահոգիչ է Ադրբեջանում պահվող այլ հայ գերիների վիճակը, որոնք նույնպես քաղաքական շարժառիթներով են դատվում և ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկական հատկանիշով պայմանավորված հետապնդման։
Ավելին, Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ խոշտանգումների փաստագրված դեպքերը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հակախոշտանգումային կոմիտեների զեկույցները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները ցույց են տալիս Ադրբեջանում խոշտանգումների համակարգային ռեժիմի առկայությունը։ Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ խոշտանգումները հատկապես դաժան են էթնիկ հայերի նկատմամբ՝ հակահայկական ատելության գաղափարախոսության պատճառով։ Ուստի, մենք ունենք հիմնավոր հիմքեր կասկածելու, որ առկա են խոշտանգումների դեպքեր Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալների նկատմամբ։
Այս համատեքստում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ), որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք անում Ձեզ՝
- Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով։
- Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և երաշխավորել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։ Անշուշտ, նույն մոտեցումը պետք է կիրառելի լինի նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ։
- Հասցեագրել Ռուբեն Վարդանյանի հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այս առումով հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը, որոնց համար ադրբեջանական կողմը կրում է հատուկ պատասխանատվություն։
- Ներկայացնել անկողմնակալ զեկույց Ռուբեն Վարդանյանի և այլ հայ գերիների կալանքի պայմանների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային չափանիշների։
- Անհապաղ միջոցներ ձեռնարկել հացադուլի դադարեցման ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով դրա հիմքում ընկած մտահոգությունները, որոնք հանգեցրել են այս ծայրահեղ քայլին։ Կարևոր է, որ ԿԽՄԿ-ի հաջորդ այցելությունը չլինի ուշացած։
- Կանոնավոր այցելություններ իրականացնել բոլոր հայ գերիներին, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում՝ ապահովելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։
- Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և պաշտպանելու նրանց անհապաղ ազատ արձակումը։
ԿԽՄԿ-ն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների պաշտպանության ոլորտում։ Հետևաբար, Ձեր միջամտությունն այս իրավիճակում ոչ միայն արդարացված է, այլև անհրաժեշտ։ Ձեր դերը հատկապես կարևոր է քաղաքական շարժառիթներով դատվող բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների կանխարգելման գործում, ինչը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքն է։
Հավատացած ենք, որ այս հարցը կդիտարկվի որպես հրատապ խնդիր, և անհապաղ գործողություններ կձեռնարկվեն՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները։
Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը»: