ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց նամակ է ստացել, որում ուկրաինացի ղեկավարը հաստատել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնությունը ստորագրելու պատրաստակամությունը` «Թրամփին հարմար ցանկացած պահի»։
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ ԱՄՆ նախագահը կրկին հիշեցրել է, որ «միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ» են մահացել և որ Միացյալ Նահանգները «հարյուր միլիարդավոր դոլարներ է ծախսել» պատերազմի վրա։
«Ամեն շաբաթ երկու հազար մարդ է սպանվել։ Դրանք ռուս ու ուկրաինացի երիտասարդ մարդիկ են։ Ես ցանկանում եմ այս ամենը դադարեցնել։ Միաժամանակ Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթի ու գազի վրա, քան Ուկրաինայի պաշտպանության»,- ասել է նա։
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել, իսկ Եվրոպան՝ 100 մլրդ։ ԱՄՆ նախագահը հաղորդել է, որ նա «կարևոր նամակ է ստացել» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց, որում խոսվում է Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ «աշխատել նախագահ Թրամփի հզոր ղեկավարության ներքո՝ տևական խաղաղության հասնելու համար»։
«Ես շնորհակալ եմ այդ նամակի համար։ Ես շատ հզոր ազդակներ եմ ստացել, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության։ Մի՞թե դա հրաշալի չէ։ Ժամանակն է դադարեցնել այդ խելահեղությունը, այդ սպանությունները»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։